Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզեցել են ինձ վնաս տալ»

Հունիս 07,2012 13:22

Արդեն մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Դրանց մեկնարկի հետ մեկնարկել են նաեւ թեստերի բովանդակության եւ արտահոսքի հետ կապված խոսակցությունները: Այս անգամ «Առավոտը» որոշ դիմորդների եւ նրանց ծնողների կողմից դժգոհություն ստացավ՝ կապված քիմիա առարկայի թեստերի հետ: Մեզ դիմած քաղաքացիները դժգոհում էին, թե կարելի է քիմիայի թեստ ձեռք բերել 10.000 դոլարով: Նրանք պնդում էին, թե իրենց ունեցած տեղեկություններով՝ թեստը կարելի է ձեռք բերել գործարքի մեջ մտնելով ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանի հետ, քանի որ քիմիայի թեստը հենց նա է կազմել: Ավելին, նրանք նշում էին, որ այդ հարցերը կազմակերպվում են նաեւ Հ. Խաչատրյանի կնոջ միջոցով: Ուստի պարզաբանման համար դիմեցինք պարոն Խաչատրյանին: «Առավոտի» հետ զրույցում ամբիոնի վարիչը նշեց. «Ես բացառում եմ եւ հերքում նման լուրերը, քանի որ այդ բանը շատ հեշտ է պարզաբանելը: Փաստարկներից մեկը կարող է լինել ինձ մոտ պարապած երեք դիմորդների արդյունքները, որոնք պարզ կլինեն քննության օրը՝ հունիսի 22-ին: Իմ կարծիքով՝ դիմորդներից մեկը պատրաստ է 18-19-ի, իսկ մյուս երկուսը՝ միջին գնահատականների: Դա թերեւս ոչ ուղղակի, բայց կարող է ապացույց լինել, որ նման բան չեմ արել»: Մյուս հանգամանքը, ըստ պարոն Խաչատրյանի, հետեւյալն է. «Ես չեմ կարող իմ պատիվն ու համբավը վտանգել»: Մեր այն դիտարկմանը, թե խոսքը բավականին մեծ գումարի՝ 10,000 դոլարի մասին է, պրոֆեսորը նշեց. «Որ գտնեք, ինձ էլ կասեք»: Ըստ մեզ դիմած քաղաքացիների՝ այս խնդրում նույնիսկ շահարկվել է Բարսեղ Բեգլարյանի անունը: Այս կապակցությամբ Հ. Խաչատրյանն ասաց. «Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ, քանի որ մենք ունենք ընդհանուր ընկերներ եւ ծագումով արցախցի են նաեւ իմ ծնողները: Բայց ի տարբերություն նոր արցախցիների՝ ես 1983-ին եմ ամբիոնի վարիչ դարձել, երբ արցախյան շարժումը չկար եւ այլն: Մենք ունենք ընդհանուր ընկերներ ներքին պատկան մարմիններում, օրինակ՝ ԱԱԾ վարչության պետը ինձ եւ Բարսեղ Բեգլարյանի համար ընդհանուր ընկեր է: Իսկ եթե Բարսեղ Բեգլարյանը ինձ հովանավոր լիներ, ապա այն փոքր հարցը, որ իմ օգտին պիտի լուծվեր քիմիայի ֆակուլտետի դեկանության համար, նա կնպաստեր ինձ եւ ես դեկան կդառնայի»: Գնահատելով կատարվածը՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Դա նախանձ է, քանի որ ես նախանցյալ տարի եւս կազմել եմ քիմիայի թեստերը, շտեմարանի խմբագիրներից եմ, ուստի իմ ներգրավվածությունը նման գործերին միգուցե որոշ մարդկանց մոտ նախանձ է հարուցում: Ինձ թվում է, որ իմ շրջապատից ինչ-որ մեկը ուզեցել է ինձ վնաս տալ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930