Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, նա՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Մ. Ավետիսյանի եւ Հ. Գեւորգյանի մոտից հայտնաբերել է 0.5 մգ քացախաթթվի անհիդրիդ եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ նրանցից վերցրել է 2000-ական ԱՄՆ դոլար: «Առավոտը» տեղեկացրել է, որ նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով Վ. Կոթոլյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, դատավճիռը, սակայն, վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել էր եւ ուղարկվել կրկին նույն դատարան՝ նոր քննության:
Ըստ «Փաստինֆո» գործակալության, ինչպես եւ նախորդ դատաքննության ժամանակ, ամբաստանյալը չի ընդունում մեղադրանքը, պաշտպանական կողմի բնորոշմամբ՝ գործը «բանսարկության եւ զրպարտության փորձ է» եւ նպատակ ունի վարկաբեկելով նրան՝ «մեղադրել մի արարքի մեջ, որը տեղի չի ունեցել»:
Դատարանում ավարտվել է գործով գրավոր ապացույցների հետազոտման փուլը, ցուցմունքով հանդես է եկել ամբաստանյալը: Նա պնդեց իր բոլոր նախկին ցուցմունքները. «Որեւէ հանցագործություն չեմ կատարել, Հովհաննես Գեւորգյանից չեմ պահանջել ու չեմ ստացել գումար»:
Նա հայտարարեց նաեւ, որ մեղադրանքն անհիմն է, հիմնված է ենթադրությունների եւ կասկածների վրա:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ