Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալին Ղարաբաղից կբերեն Հայաստան

Հունիս 07,2012 13:18

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացվել էր դիմում՝ ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ա. Ա.-ից (տվյալները խմբագրությունում են):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորը հայտնում էր, որ 2010թ.-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:

Դիմումատուն հայտնել էր նաեւ, որ կինը չի կարողանում այցելել իրեն, քանի որ գտնվում է սոցիալապես անապահով վիճակում եւ իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշում էր կայացրել գործն ուսումնասիրել: Ըստ Պաշտպանի գրասենյակի տեղեկատվության, պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից գրություններ ուղարկվեցին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին, այնուհետեւ նաեւ ՀՀ արդարադատության նախարարին:

Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ դատապարտյալին այլ պետություն տեղափոխելը կարող է իրականացվել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով (գլուխ 57) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների նախաձեռնությամբ, այդ մասին խնդրագիր ներկայացնելու միջոցով։

Պաշտպանի գրասենյակի ակտիվ միջամտության արդյունքում, այնուամենայնիվ, հարցի բացառության կարգով լուծման նպատակով ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ «ԼՂՀ-ում այս պահի դրությամբ պատիժ են կրում Հայաստանի Հանրապետության թվով 9 քաղաքացիներ, որոնցից որոշներին ՀՀ տեղափոխելու նպատակով ԼՂՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան վարչությանը, սակայն նրանց ընդունման հարցում ստացել է մերժում»։ Հետեւաբար, այս եւ նմանօրինակ այլ հարցերի լուծումը պահանջում է ՀՀ համապատասխան պետական մարմինների համաձայնությունն ու նախաձեռնությունը։

ՄԻՊ գրասենյակին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացված գրությամբ հայտնվել է, որ ՀՀ արդարադատության նախարարը նպատակահարմար է գտել բավարարել գրությունը, որի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը նամակով դիմել է ԼՂՀ իրավասու մարմնին՝ խնդրելով ուսումնասիրել դատապարտյալ Ա.-Ա.-ին պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հնարավորությունը:

ԼՂՀ գլխավոր դատախազությունը մայիսի 10-ին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որ չի առարկում Ա. Ա.-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեմ:

ՀՀ արդարադատության նախարարությունը մայիսի 15-ին հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը՝ ԼՂՀ ԿԱ ոստիկանության հետ համաձայնեցնել եւ կազմակերպել դատապարտյալ Ա. Ա.-ի տեղափոխումը:

Հետեւաբար՝ դատապարտյալի դիմումը ստացել է դրական լուծում:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930