«ՏԷՑ»-ի «կրուգի» բնակիչները կոյուղատարի կեղտաջրերի մեջ են ապրում
Երեւանի հին ՋԷԿ-ի դիմացի թաղամասի բնակիչները, հարակից «Ջերմային ցանցեր» եւ «Հայէլեկտրամոնտաժ» ձեռնարկությունների աշխատողները կոյուղու կեղտաջրերի ձեռքը «կրակն» են ընկել: Հինգ բնակելի շենքերի եւ երկու ձեռնարկությունների արտաքին կոյուղին չի աշխատում, ինչի հետեւանքով կեղտաջրերի գարշահոտությունն ու պարունակությունը տարածվում են շրջակայքով մեկ: Թիվ 8 շենքի նախկին կառավարիչ Սմբատ Բաբախանյանի խոսքերով՝ այդ ամենի պատճառն այն է, որ տասնամյակներ առաջ բնակելիները կառուցելիս մատների արանքով են նայել ենթակառուցվածքային խնդիրներին: Օրինակ՝ կոյուղատարն անցկացվել է նորմատիվային չափսերի խախտումով, եւ տեղակայվել են համեմատաբար փոքր չափսերով խողովակներ: Հետեւանքը՝ կեղտաջրերը թաղամասից դժվարությամբ էին հոսել դեպի Աերացիա ձգվող գլխավոր կոյուղատար, իսկ առանձին հատվածներում դուրս են թափվել խողովակներից եւ աղտոտել շրջակայքը: Եվ այդպես, տասնամյակներ շարունակ ինժեներական այս խախտումն իր հետեւանքներով վրիպել է Շենգավիթի շրջխորհրդի, Երեւանի քաղխորհրդի, ապա՝ Շենգավիթի վարչական շրջանի եւ Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից: Այդ ամենը քիչ էր՝ մոտ մեկուկես տարի առաջ էլ 10-րդ շենքի մոտ փլուզվել է դիտահորը, եւ կոյուղու համակարգը փակվել է կեղտաջրերի մի մասը լցնելով շենքի նկուղ, իսկ մյուս մասն էլ գտել են իրենց ուղին՝ դուրս են թափվում «Նաիրիտ» գործարանի գոլորշատարների եւ ջերմացանցերի մոտ: Ի դեպ, շենքի տակով են անցնում նաեւ խմելու ջրի խողովակները, որոնք վաղուց ժանգոտվել ու ծակծկվել:
Բնակիչների խոսքերով՝ ամենաանտանելին այն է, որ կեղտաջրերից գոյացել են մեծ ու փոքր ճահիճներ, որոնք օրեցօր ընդարձակվում են՝ իրենց հետ ընդարձակելով գարշահոտության սահմանները. «Իսկ այդ տարածքներում առավոտից երեկո խաղում են երեխաներ: Էլ չէնք ասում այն չքավոր մարդկանց մասին, որոնք ճահիճներին հարակից դաշտից վայրի կանաչեղեն են հավաքում եւ դրանով սնվում»:
Թաղամասի կոյուղու ամենաանտանելի վիճակը 5-րդ շենքի ներսում եւ մոտակայքում է: Այս բնակելի շենքն ընդհանրապես չունի ջրահեռացման ցանց: Այստեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ՝ իրենց մանկահասակ երեխաներով, ուժասպառ ծերերով ու հիվանդներով:
Կարդացեք նաև
Բնակիչների առողջության եւ նորմալ կենսապայմանների համար պատասխանատու մարմինները՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչությունը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը, թաղամասի կոյուղու շահագործման նկատմամբ որեւէ հսկողություն չեն իրականացնում:
Մեզ հետ զրույցում բնակիչներ Ատոմ Գեւորգյանը, Լիանա Ղազարյանը եւ Գագիկ Բարսեղյանը պատմեցին, որ վարչական շրջանը մշտապես պատճառաբանում է, թե իր ուժերից վեր է կոյուղու վերականգնումը: Իսկ Երեւանի քաղաքապետարան ուղղված բնակիչների դիմումները ուղարկվում են Շենգավիթի վարչական շրջան:
Բնակիչների համար այդպես էլ մութ է մնում, թե ինչո՞ւ են իրենցից կեղտաջրերի հեռացման համար գումարներ գանձվում, այն դեպքում, երբ ոչ մի կեղտաջուր էլ չի հեռացվում:
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ