Լրահոս
Օրվա լրահոսը

Գերազանցվել են նախորդ տարվա նույն ամիսների տնտեսական ցուցանիշները

Հունիս 07,2012 13:12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

  Նիստի սկզբին վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է հրապարակել երկրի սոցիալտնտեսական զարգացման 2012 թ. անցած հինգ ամիսների արդյունքները, որոնք գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշները (ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։

Այնուհետև հաստատելով օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։

 

Սևանի ափին կազմակերպվում են հանրային լողափեր

 ՀՀ կառավարությունը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։

            ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։

Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։

2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ։ Եվս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։

Կառավարությունն իր նիստում նախորդ նիստերից մեկում ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի շենքերից մեկի մուտքի կառուցման համար տրամադրել է 28.5 մլն, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի և Հրազդան քաղաքի Վանատուր-Ծաղկաձոր ճանապարհի օղակաձև պուրակների բարեկարգման և այդ օբյեկտների նախագծային աշխատանքների կատարման համար` ավելի քան 39 մլն դրամ։ Նշված գումարներն ուղղվում են այն ծրագրերի իրականացմանը, որոնք ավարտին կհասցվեն այս տարի։

Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լուսմատ» ՓԲԸ-ն մասնավորեցնել դասական աճուրդով` դրանով իսկ վերականգնելով ընկերության կանոնավոր գործունեությունը։

Փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու համար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել է 1 մլն 800 հազար դրամ։

Կբարելավվի միջին մասնագիտական կրթության որակը

 

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն 2012 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող 10, 2013 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, ինչը հնարավորություն կտա իրականացնել միասնական կրթական քաղաքականություն։ Այսպիսով, պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կբարելավվի երկրի 55 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը, կբարելավվի միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակը։ Փոփոխություն է կրել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը, որով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի գործունեությունը համապատասխանեցվել է խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերին։ Նախատեսվում է մանկատանն իրականացնել կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հաջորդ որոշման փոփոխությամբ գործադիրը «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, հանձնել է ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը, ինչը թելադրված է անչափահաս դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքն այս գերատեսչության կողմից իրականացնելու նպատակահարմարությամբ։ Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է նաև գրասենյակային տարածք։

Կբարձրանա արտադրողների մրցունակությունը

 

         ՀՀ կառավարությունը հաստատել է`

– տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` ոլորտի համակարգող մարմին ճանաչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,

– ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար 2012/2013 թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը,

– Շիրակի մարզպետարանի կազմակերպած «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով անցկացված «Գյումրի քաղաքի Մուշ-2 նորակառույց թաղամասը բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքի ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես մարզպետարանի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ միջև 489 մլն 837 հազար 392 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման,

– նախկին որոշումներից մեկի փոփոխությունը և լրացումը, որոնց շնորհիվ օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը և ներմուծման ընդհանուր չափաքանակները կհամապատասխանեցվեն ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերի պահանջներին,

– ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման և կիրառման կարգը, որով պարզեցվում է օրինակելի նախագծերից օգտվելու գործընթացը, այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման մեխանիզմների կիրառման միջոցով։ Ոլորտին վերաբերող մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով էապես բարելավվել է գործարար միջավայրը, նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին` հիմք ընդունելով ավելի վաղ հավանության արժանացած միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ծրագրի պահանջները։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930