Շինարարության հետեւանքով հարակից տների հիմքերը խարխլվում են
Բունիաթյան փողոցում գտնվող նախկին ոսկերչական գործարանն արդեն քանի ամիս է՝ մեծ արագությամբ վերածվում է զվարճանքի եւ առեւտրի հսկայական կենտրոնի, սակայն թափով ընթացող շինաշխատանքների արդյունքում հարեւան տների հիմքերն են խարխլվում: Բունիաթյան 9 հասցեում բնակվող Մինասյանների ընտանիքն արդեն քանի օր է՝ ահ ու դողով է ապրում, քանի որ շինարարները զգուշացրել են՝ չմտնել հյուրասենյակ՝ կարող է փլվել: Տանտերերը հյուրասենյակը դատարկել են գույքից, որպեսզի, իրենց ասելով՝ փրկվելու դեպքում գոնե փրկեն հեռուստացույցն ու մի քանի իրեր: Մինասյաններն անգամ աշխատանքի չեն գնում. ամբողջ օրը խոհանոցում նստած Աստված են կանչում, որ մի բան չպատահի:
Բանն այն է, որ այս հասցեում ընթացող շինարարությունը հենց տան պատուհանների տակ է իրականացվում, եւ արդեն մոտ 6 մետր փոս է փորվել, որը տան հիմքին է հասել: Բացի այդ, նոր կառուցվող համալիրը բառի ուղիղ իմաստով կպած է լինելու Արփիկ Գալստյանի տան պատին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Գալստյանը պատմեց. «Երբ սկսել էին շինարարությունը, մեր մտքով չէր անցել, որ քիչ-քիչ գալու են ու կպնեն մեր տանը: Սկզբում կոյուղագծերը այդ հատվածից տեղափոխեցին, հետո այդ նույն հատվածում սկսեցին փոս փորել ու հասան մեր տան պատին: Ընդ որում, ըստ իրենց հատակագծի, մեր տանը կպած է լինելու իրենց նորակառույցի ստորգետնյա ավտոկայանատեղին, ու փաստորեն մեր պատուհանը փակվելու է՝ զրկելով մեզ բնական լույսից»: Տանտիրոջ՝ Կարեն Մինասյանի պատմելով էլ՝ կառուցապատողն առաջարկել է տունը վաճառել, որի դիմաց ընդամենը 45 հազար դոլար է առաջարկել. «Բայց այդ գումարով մենք անգամ ծայրամասում չենք կարող 3 սենյականոց բնակարան գնել: Հետաքրքրվել ենք, բայց այդ գնով ոչ մի տեղ մեզ հարմար բնակարան չկա, ավելի թանկ են: Նույնիսկ առաջարկել եմ, որ կառուցապատողը մի քիչ ավելացնի գումարը, մի քիչ էլ ես վարկ վերցնեմ, բայց հրաժարվում է ավելին վճարել: Իրենց նման գործողություններով մեզ հարկադրաբար վտարում են մեր տանից: Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ճարահատյալ համաձայնվենք իրենց առաջարկած գնի հետ ու թողնենք դուրս գանք»: Բուռն ընթացող շինարարության աղմուկն ու դղրդոցը, բնակիչների ներկայացմամբ՝ բացի այն, որ հանգիստն է խանգարում, նույնիսկ որոշ բնակարանների սեյսմակայունությունն է թուլացնում: Բնակիչներից մեկի՝ տիկին Սեդայի նախասրահի հիմնական պատը մի քանի տեղից ճաքեր է տվել: Կարեն Մինասյանի մեծահասակ ծնողներն էլ ստիպված տեղափոխվել են հարազատներից մեկի տուն, քանի որ անհնար է այդտեղ բնակվել:
Այս առնչությամբ, ըստ տանտիրոջ, մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի տեղում խնդիրն ուսումնասիրվի՝ արդյոք չե՞ն խախտվում քաղաքաշինական նորմերը, եւ արդյոք կարելի՞ է բնակելի տանը կպած նման հսկայական շինություն իրականացնել՝ չպահպանելով՝ մի քանի մետր հեռավորության թույլատրելի սահմանը: Սակայն քաղաքապետարանից ոչ մի պատասխան բնակիչները չեն ստացել: Կարեն Մինասյանի խոսքերով՝ «Մենք արդեն հակված ենք մտածել, որ այնպիսի թափով մարդ է շինարարությունն իրականացնում, որ հասարակ բնակիչներին կարող են բանի տեղ չդնել, տունը քանդել ու ոչ մի պատասխանատվության չենթարկվել: Սա իմ պապական տունն է եղել, 1958 թվականից այստեղ եմ բնակվում, այսինքն՝ մեր տունը կառուցվել է, 10 տարի հետո միայն՝ ավտոագրեգատների գործարանը, որը հետագայում դարձավ ոսկերչական գործարան, որն էլ գնել է շինարարություն իրականացնող ընկերությունը՝ «Շին տավրը»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում ընկերության տնօրեն Գարեգին Մկրտչյանը վստահեցրեց, որ շինարարության ընթացքում բնակիչներին պատճառած վնասները փորձում են վերացնել եւ փոխհատուցում տրամադրել. «Բնակիչներն են առաջարկել համապատասխան գումարների դիմաց տրամադրել տարածքը, որի կարիքը մենք չենք տեսնում: Դեռ մի բան էլ մենք իրենց համար նոր կոյուղի ենք կառուցել, տարիների աղբից են ազատվել: Իսկ որ զգուշացրել ենք՝ սենյակում չմնան, ընդամենը նրա համար, որ ցնցումից սթրես չապրեն»: Ինչ վերաբերում է շինարարության ավարտից հետո Մինասյանների տան պատուհանը փակելուն ու լուսավորությանը խոչընդոտելուն, կառուցապատողը վստահեցրեց, որ նման բան չի լինի: Մեր այն դիտարկմանը, թե որքանո՞վ է շինարարական նորմերին համապատասխան բնակելի տան պատին կպած որեւէ շինություն կառուցելը, պարոն Մկրտչյանն ասաց. «Շինությունը կառուցվում է մեր տարածքի վրա, իրենց տունն է մեր պարսպի վրա»: Մեր այն հարցին էլ, որ Մինասյանների տունն ավելի վաղ է կառուցվել, քան գործարանը, որը «Շին տավրը» վերջերս է ձեռք բերել, ընկերության տնօրենն այսպես պատասխանեց. «Իրենց տունն է կառուցված առանց շիննորմերի: Մենք մեր տարածքում իրականացնում ենք բարեկարգման աշխատանքներ: Սովետական Միության ժամանակ ուրիշ իրավունքներ են եղել, հիմա՝ ուրիշ: Մենք մեր սեփական տարածքում ենք աշխատում: Եթե ունեն տարածքի տեղանշում, սեփականության իրավունք, դա այլ բան է, բայց չունեն»: Սեփականության իրավունքի առումով բնակիչներն ասացին, որ դեռեւս չեն սեփականացրել, քանի որ այդ տարածքն, այսպես ասած՝ վիճելի տարածք է, եւ բոլոր հարեւանները միասին պիտի փաստաթղթերը ներկայացնեն Կադաստրի պետական կոմիտե, Խորհրդային Միության ժամանակ ստացած՝ տան գրքույկներում նշված սահմանանշումներով եւ այլն, սակայն անընդհատ ձգձգվել է. «Եթե իմանայինք, որ մի օր այսպիսի խնդրի առջեւ ենք կանգնելու, կստիպեինք բոլոր հարեւաններին ու մի բան կանեինք: Ի՞նչ իմանայինք, որ կարող է մի օր «զրկվենք» մեր տնից ու հանգստից»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ