Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունն Ադրբեջանին սովորեցրել է թքել միջազգային հանրության կարծիքի վրա»

Հունիս 07,2012 12:59

«Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ «Նոր Հայաստանի» եւ ներկայիս գործընթացների մասին:

– Օրերս «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը հրապարակեց մի «ճանապարհային քարտեզ», որում արտացոլված է նախաձեռնության՝ նոր Հայաստանի տեսլականը, Հայաստան հիմնելու քայլերի ուղեցույցը: Տեսականորեն գեղեցիկ է ներկայացված, բայց գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրագործումը, հսկայական մարդկային, քաղաքացիական, հասարակական ռեսուրս է պահանջվում: Դուք դա ունե՞ք:

– «Գեղեցիկ» բառը ինձ հիշեցրեց «Գեղեցիկը կփրկի աշխարհը» արտահայտությունը: Ուստի պետք է սպասել, որ «քարտեզը», թեկուզ եւ «տեսականորեն գեղեցիկ», կփրկի մեր երկիրը…

Երկիրը այս վիճակից դուրս բերելու «Նոր Հայաստանի» ծրագիրը չի կարող մեծ մարդկային, կազմակերպական եւ այլ ռեսուրսների կարիք չունենալ: Ուրիշ կերպ չի լինում: Բայց ռեսուրսները կհավաքվեն այնտեղ, որտեղ ճար է երեւում:

Վերջին «ընտրությունները», եթե պետք էր, վերջին անգամ ապացուցեցին, որ այս ռեժիմի օրոք ընտրություններով հնարավոր չէ իրավիճակ փոխել՝ մեր ժողովուրդը սրանում համոզված է: Լուծումը ճանապարհային քարտեզով ներկայացված այլընտրանքային ճանապարհն է: Ռեսուրսները կգան այնտեղ, որտեղ լուծումը երեւում է: Ժողովուրդը զորաշարժի կենթարկի այդ ռեսուրսները:

Ու ընդհանրապես, դժվարությունները երբեք չպիտի վախեցնեն: Մարդը խնդիրներ չհարուցելու եւ դժվարություններ չկրելու հարց երբեք չպիտի դնի: Հակառակը՝ ծագած խնդիրները լուծելու եւ դրանք իր կյանքի բերկրանքի մի մասը դարձնելու հարցը պիտի լուծի:

– Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք քննարկել այդ գաղափարը, ովքե՞ր են պատրաստ այն իրականացնելու հարցում «Սարդարապատին» օգնել:

– Նախ ասեմ, որ «Սարդարապատին» օգնելու մասին պետք չէ խոսենք: «Սարդարապատը» ծնել է գաղափարը, Գարեգին Չուգասզյանը նախնական ծրագիրը քննարկել է տարբեր մարդկանց հետ, ու ծնվել է «ճանապարհային քարտեզը»: Հիմա արդեն սա «Սարդարապատի» ծրագիր պետք չէ համարել: Մենք կարող ենք այն առանձին առաջ տանել: Բայց քանի որ գործընթացը պիտի ներկայացուցչական մարմին՝ խորհրդարան ձեւավորի, ցանկալի է, որ հենց սկզբից նախաձեռնությունը միակողմանի չլինի:

Մենք այս գաղափարը քննարկել ենք բացառապես անհատների մակարդակով: Որեւէ քաղաքական ուժի մասնակցության հրավեր չի ուղարկվել:

– Ինչ-որ գործընթաց արդեն սկսվա՞ծ է այդ առումով:

– Այո: Առաջիկա օրերին Գարեգին Չուգասզյանը եւ նախաձեռնող խումբը հասարակության առջեւ հանդես կգան:

– ԲՀԿ-ին իրական ընդդիմություն համարո՞ւմ եք, եւ այդ ուժի հետ համագործակցության եզր կա՞ արդյոք:

– Դասական իմաստով ընդդիմադիրները իրականացնում են կառավարական կուրսին ընդդիմանալու գործունեություն: Կրկին դասական իմաստով երկու տեսակի ընդդիմություն կա՝ կառուցվածքային եւ համակարգային: Կառուցվածքային ընդդիմությունը մասնակի կամ ամբողջապես մերժում է իշխող քաղաքական արժեքները, նպատակները: Համակարգային ընդդիմությունը հիմնականում ընդունում է գործող իշխանության ռազմավարական նպատակները, սակայն տարբեր է տեսնում դրանց հասնելու եղանակներն ու միջոցները: Տեսնում ենք, որ այս երկու ձեւակերպումները չեն արտացոլում ԲՀԿ-ի պահվածքը: Եթե գաղափարախոսական եւ ծրագրային տարբերություններ գրեթե չկան, ի՞նչ է մնում: Մնում է մարդկային որակների տարբերությունը՝ կադրերը: Կարելի էր, իհարկե, ԲՀԿ-ին համարել ընդդիմություն՝ կադրային իմաստով, սակայն նկատելի է, որ նրանց կադրերը ոչնչով ավելի պարկեշտ, գործիմաց ու նվիրված չեն, քան եղածները:

ԲՀԿ-ն ընդդիմադիր է այնքան, որքան Հանրապետականը Հոկտեմբերի 27-ից հետո, «Ազգային Միաբանությունը»՝ 2003-ի օրերին եւ «Օրինաց երկիրը»՝ 2008-ի մարտի 1-ի սպանություններից առաջ:

Նմանատիպ ուժերի հետ համագործակցության մի եզր կա, նրանց հափշտակած ֆինանսական ռեսուրսները տրամադրվում են ի խնդիր ժողովրդական շարժման սնուցման:

– Պատահականությո՞ւն եք համարում, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան այցի նախօրեին Ադրբեջանը հերթական սահմանային դիվերսիան իրականացրեց:

– Պատահականություն չէ: Ադրբեջանը ամեն նման առիթ օգտագործում է՝ այսպիսի դիվերսիաների փորձեր կատարելու եւ մեսիջներ ուղարկելու: Բայց խնդիրը այդ չէ: Ադրբեջան պետությունը ունի իր ծրագիրը, եւ նա մեթոդաբար իրականացնում է այն՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների:

Գոյություն ունեն մի քանի հիմնախնդիրներ, որոնք ցավալիորեն ցույց են տալիս մեր կառավարիչների ապիկարությունն ու անմարդկային որակները: Դրանցից մեկը մարդկային կյանքերի հանդեպ նրանց արհամարհական վերաբերմունքն է: Նման դիվերսիաներ իրականացվում են տարիներ շարունակ, ինչը հստակորեն մատնանշում է, որ իշխանությունը այդ խնդիրը լուծելու կարողություն չունի:

– Ի՞նչ էր ուզում ասել դրանով Ադրբեջանը Հայաստանին, միջազգային հանրությանը: Համարժե՞ք էր պաշտոնական Հայաստանի պատասխանը Ադրբեջանի պահվածքին:

– Ադրբեջանի ասելիքը վաղուց հայտնի է. «Հայաստան անունով պետություն քարտեզի վրա պիտի չլինի»: Միջազգային հանրությանը Ադրբեջանը ասելիք չունի, քանի որ պատմությունը նրան սովորեցրել է թքել այդ կարծիքի վրա:

Հայկական պետության ասելիքն է ճապաղ, անհասկանալի: Թերեւս Հայաստանի իշխանությունը պիտի վաղուց սկսեր իրականացնել «խաղաղության պարտադրման» կտրվածքով գործողություններ, սակայն նմանատիպ գործողությունների համար նա ժողովրդի վստահությունը պիտի վայելեր, որը չունի:

– Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ինչո՞ւ էր ԱՄՆ պետքարտուղարը եկել տարածաշրջան եւ իր նպատակների ո՞ր մասն իրականացրած հեռացավ:

– Այցը չէր կարող ԱՄՆ-ին հուզող տարածաշրջանային ներկա խնդիրների հետ կապված չլինել… Իրան, Սիրիա, Ռուսաստան… Նպատակը, կարծում եմ, հավելյալ պայմանավորվածությունների կորզումն է:

Մեր խնդիրը այս այցի կապակցությամբ կարող էր լինել նրանց հասկացնել տալը, Իգոր Մուրադյանի խոսքերով ասած՝ «…թե ո՞վ է Հարավային Կովկասի տարածաշրջանում տերը, եւ ո՞վ է ընդունակ ապակազմակերպել տարածաշրջանային իրավիճակը»: Հատկապես վերջինը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930