Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի սադրանքը մարտահրավեր է՝ ուղղված ՀԱՊԿ-ին»

Հունիս 07,2012 12:51

«Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքները հստակ ծրագրված քաղաքականություն է, որին, սակայն, Հայաստանը չի հակադարձում քաղաքականությամբ»,- կարծում է LՂՀ նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը: Իսկ Ռազմական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ դա բացատրում է Ադրբեջանի կողմից բանակցային ֆորմատի փոփոխությանը հասնելու ձգտմամբ:

«Առավոտ»- Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նման սադրանքների դիմելով՝ ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը:

Արման Մելիքյան- Սա մշակված եւ հետեւողականորեն իրականացվող քաղաքական գիծ է, որը վերջին երեք տարիների ընթացքում կյանքի է կոչվում Ադրբեջանի կողմից: Բանն այն է, որ արեւմտյան վերլուծաբանների եւ քաղաքագետների մի ամբողջ բանակ աշխատում է ամեն կերպ ստեղծել այն տպավորությունը, որ եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման պատերազմ է սկսվելու: Հետեւաբար՝ անհրաժեշտ է շուտափույթ խաղաղ կարգավորում ունենալ: Իսկ խաղաղ կարգավորման այսօրվա ներկայացված բանաձեւը Մադրիդյան սկզբունքներն են, որոնք վերջնական տեսքով դեռեւս չկան, բայց դրանց որոշ հրապարակված հիմնադրույթներ հայկական կողմի համար բացարձակապես ընդունելի չեն: Հիմա՝ որպեսզի դրանք ավելի ընդունելի դարձնեն, փորձում են պատերազմի սպառնալիքը մեր գլխին անընդհատ կախված սրի նման թափահարել: Եվ դրան մասնակից են դարձնում նաեւ մեր օտարերկրյա գործընկերներին՝ ամեն նման այցելության նախօրեին առիթ մատուցելով, որպեսզի նրանք այստեղ գտնվելով՝ խոսեն պատերազմի ահագնացող սպառնալիքի մասին եւ մասնակիցը դառնան Ադրբեջանի խաղին: Այստեղ կա նաեւ մեկ այլ հարց. դա սադրանքի վայրն է: Սովորաբար նման միջադեպերը տեղի էին ունենում ավելի շատ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ եղած բաժանարար գծի երկայնքով: Իսկ սա տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանագլխում, ինչը լրացուցիչ ենթատեքստ պարունակող հանգամանք է: Այսինքն՝ ադրբեջանցիները դրանով եւս մեկ անգամ ուզում էին ընդգծել, որ հակամարտությունը ոչ թե Արցախ-Ադրբեջան, այլ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում է, եւ Արցախն այստեղ կարող է ներկայացվել որպես վիճելի տարածք, ինչը մեզ համար վերստին բացարձակ անընդունելի մոտեցում է:

Հրանտ Մելիք-Շահնազարյան- Ես ուզում եմ նշել, որ Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն ոչ միայն հայկական, այլ նաեւ ադրբեջանական կողմին: Եվ այդ է պատճառը, որ բոլորն էլ հասկանում են. այս հարցը քաղաքական բանակցությունների միջոցով լուծելի չէ, անհրաժեշտ են նոր ֆորմատներ, նոր մոտեցումներ: Եվ Ադրբեջանը, որպես այդպիսի նոր ֆորմատի գերագույն ցանկություն, տեսնում է բանակցություններում Թուրքիայի ներգրավումը: Թե Բաքվում, թե Անկարայում շատ լավ հասկանում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն դադարել է միջնորդ կազմակերպություն լինելուց՝ վերածվելով ֆորումի կամ քննարկման ակումբի, որտեղ գերտերությունները համաձայնեցնում են իրենց քաղաքական գերակա շահերը մեր տարածաշրջանում: Եվ Ադրբեջանն ամեն անգամ օգտագործում է բարձրաստիճան հյուրերի այցելությունը տարածաշրջան՝ ցույց տալու համար երկու կարեւոր հանգամանք. առաջինը՝ որ հակամարտությունը սառեցված չէ, չկա ստատուս քվո, եւ երկրորդը՝ որ ստեղծված բոլոր ֆորմատները պետք է փոխել՝ ընդգրկելով Թուրքիային:

«Առավոտ»- Պարոն Մելիքյան, Դուք նշեցիք Ադրբեջանի խաղին դրսի շրջանակների մասնակցության մասին: Տեսակետ կա, որ վերջին սադրանքները Ադրբեջանն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի հետ ներքին համաձայնությամբ: Կիսո՞ւմ եք նման տեսակետը:

Ա. Մելիքյան- Ես խիստ կասկածում եմ դրանում, քանի որ հայ-ադրբեջանական սահմանագլխին իրականացված այդ սադրանքը նաեւ մարտահրավեր էր՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներին եւ առաջին հերթին՝ Ռուսաստանին: Ինձ հետաքրքիր կլինի տեսնել ՀԱՊԿ եւ Ռուսաստանի իրական արձագանքը, եւ այդ արձագանքը պետք է պահանջվի հենց Հայաստանի կողմից: Սա մարտահրավեր է, որը պետք է շատ խիստ կերպով կասեցվի, ընդ որում, կասեցվի անգամ պատժամիջոցների սպառնալիքի միջոցով: Եվ դրա մասին հատկապես Ռուսաստանի պաշտոնատար անձինք պետք է բացեիբաց հայտարարեն, քանի որ այս սադրանքներով նաեւ փորձ է արվել ապացուցել, որ ՀԱՊԿ-ն ի զորու չէ առկա մարտահրավերներին համարժեք արձագանքել: Ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր սադրանքներին, ռազմական գործողություններին անմիջականորեն խորհրդատվությամբ, գուցե նաեւ ֆիզիկական գոյությամբ մասնակցել է նաեւ թուրքական կողմը: Եվ մենք պետք է դա հստակ գիտակցենք եւ փորձենք հակազդել:

«Առավոտ»- Հակազդեցության մասով՝ արդյոք հունիսի 4-ի սադրանքից հետո, երբ Հիլարի Քլինթոնը դեռ Երեւանում էր, հայկական կողմից ցուցաբերվե՞ց բավարար քաղաքական հակազդեցություն: Ադրբեջանական սադրանքը դատապարտեց միայն Էդուարդ Նալբանդյանը՝ Քլինթոնի հետ համատեղ ասուլիսում, իսկ ահա ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին մամլո հաղորդագրությունում այդ միջադեպի մասին խոսք չկար: Քաղաքական ուժերից էլ Ադրբեջանի սադրանքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ միայն «Ազատ դեմոկրատները», եւ ՀՀԿ խոսնակը արտահայտեց իր կարծիքը: Արդյոք պետք չէ՞ր ավելի ակտիվ քաղաքական հակազդեցություն ցույց տալ՝ պահանջելով, որպեսզի հենց Երեւանում Քլինթոնը ոչ թե կոչ աներ «կողմերին», այլ հստակ դատապարտեր սադրիչ կողմին:

Հ. Մելիք-Շահնազարյան- Արդեն արտգործնախարարի մակարդակով դատապարտումը ես այդքան ցածր չեմ համարում: Մեկնաբանության այն ձեւը, որով հանդես եկավ Քլինթոնը՝ ասելով, որ Ադրբեջանի ղեկավարությանը հարցեր ունի, դիվանագիտական լեզվով բավականին խիստ է:

Ա. Մելիքյան- Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից այդ ամենը հստակ քաղաքականություն է, իսկ Հայաստանն այդ առումով համարժեք քաղաքականություն չունի: Եվ սա մեր ամենակարեւոր բացն է. Հայաստանը տվյալ դեպքում քաղաքականությանը չի հակադարձում քաղաքականությամբ, նա ասում է՝ մենք նման գործողություններին կհակադարձենք համարժեք գործողություններով: Ադրբեջանի համար դա նշանակություն չունի, որովհետեւ նա պատրաստ է այդ գինը տալ: Հայկական մոտեցումը արձագանքող է՝ վրեժխնդրային, ինչը, մեծ հաշվով, քաղաքական մոտեցում չէ:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Հ. Գ. Երեկ Բաքվում ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը հայտարարել է, թե Փարիզում հունիսի 18-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր մոտեցում:

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Քաղաքագետների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930