Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քաղաքակիրթ աշխարհում

Հունիս 07,2012 12:39

ԱՊՀ տարածքում՝ բացառությամբ ակնհայտ ֆեոդալական ռեժիմների, մնացած երկրներում իշխանությունը սիրում է ժամանակ առ ժամանակ արտաբերել մոգական բանաձեւեր` «այդպես է ընդունված համաշխարհային պարկտիկայում», «մենք գործում ենք քաղաքակիրթ աշխարհին համաքայլ», «օրենսդրությունը մոտեցնում ենք միջազգային չափանիշներին» եւ այլն: Դա մի քիչ նման է գազի գնին, որը  Հայաստանում տարեցտարի մոտենում է եվրոպականին: Այո, ինչ-որ չափով նույնիսկ հպարտ է հնչում: Սակայն այստեղ կա մի «փոքրիկ մանրուք»` մեր աշխատավարձը եվրոպականին ոչ մի կերպ չի մոտենում:

Ճիշտ նույնպիսի «առաջադեմ քայլ» էր վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնելը: Ասում են՝ քաղաքակիրթ աշխարհում նման բաների համար մեծ տուգանքներ են վճարում: Այո, անշուշտ,  այդպես է: Բայց այդ նույն քաղաքակիրթ աշխարհում դատարաններն անկախ են, դատավորները հասկանում են, թե որն է սահմանը, ասենք, գնահատողական դատողության եւ վիրավորանքի միջեւ, իսկ «վիրավորվածները» ոչ միայն պաշտոնյաներ են եւ օլիգախներ:

Հիմա էլ Ռուսաստանի իշխանությունն է որոշել  «միջազգային ժողովրդավարական չափանիշներով» հսկայական տուգանքներ նախատեսել` հանրահավաքներ անցկացնլու համար: Եվ դարձյալ կա արդարացում` չէ՞ որ զարգացած երկրներում այդպես է ընդունված: Այո, բայց այդ երկրներում արգելած է նաեւ արհեստական խոչընդոտներ հարուցել խաղաղ ցույցերի համար: Այդ երկրներում ոստիկանները սուտ ցուցմունքներ չեն տալիս` իբր ցուցարարներն իրենց վրա հարձակվել են, եւ ամենակարեւորը`այդ երկրներում իշխանության գրպանում գտնվող դատարանները հալած յուղի տեղ չեն դնում այդ սուտ ցուցմունքները եւ դրանք դատավճիռների հիմք չեն դարձնում: Ի դեպ, այդ ամենին մենք ականատես էինք նաեւ Հայաստանում` «մարտի 1-ի» գործերի ժամանակ:

Այդ խնդիրը մեզ համար այսօր էլ է կարեւոր: Նախ` շատ հաճախ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, գրեթե նույնությամբ արտապատկերվում է մեզ մոտ: Երկրորդ` այս ամառային «հրադադարից» հետո Հայաստանում հաստատ սեպտեմբերից սկսվելու են հանրահավաքներ: Թե որքանով են դրանք զանգվածային լինելու՝ դժվար է ասել:  Բայց միանշանակ է, որ ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնք պատրաստ են ուղղել պատանիների էներգիան` փողոցում ակտիվություն հրահրելու համար: Պետք է հաշվի առնել, որ հաջորդ տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցնեն նույնատիպ, վերջերս մշակված կեղծիքներով, եւ հասարակության արմատական մասը դարձյալ դժգոհ կմնա. այդ դեպքում մարդիկ նորից փողոց դուրս կգան: Եվ ահա այստեղ իշխանությունը պետք է դրսեւորի համբերություն եւ ճկունություն` նոր «մարտի 1» թույլ չտալու համար:

Եվ ամենակարեւորը` պետք չէ «համապատասխանեցնել մեր օրենսդրությունը միջազգային չափանիշներին»: Որովհետեւ զուտ արտաքնապես գուցեեւ «համապատասխանեցնում» եք, բայց հաշվի առնելով մեր պետական եւ հասարակական ինստիտուտների թերզարգացածությունը՝ իրականում հեռացնում եք: Այպես որ՝ աչքը սարքելու տեղը ունքն էլ եք հանում:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930