«Ես այդ հարցին դեռ ձեռնպահ կմնամ պատասխանելուց, որովհետեւ մի կողմից` միգուցե որոշ խնդիրներ կան, որոնք արժե իսկապես օրենսդրորեն լուծել, մյուս կողմից` մինչեւ ընտրությունները մնացել է 1 տարուց պակաս ժամանակ: Եվ կարծում եմ, որ այդ մասին արդեն քաղաքական քննարկումների արդյունքում պետք է որոշման հանգենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր, Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե մինչեւ նախագահական ընտրությունները օրենսդրական այնպիսի փոփոխություններ կլինե՞ն, որոնք կլուծեն թե միջազգային դիտորդների, եւ թե ընդդիմության մտահոգությունները: Հիշեցնենք, որ միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնել, որ անձնագրերում դրված կնիքը նախատեսված ժամանակից շուտ է օքսիդանում, որ ընտրական ցուցակներում մի շարք նույնանման ստորագրություններ են եղել, եւ այլն: Իսկ ԵՄ-ն էլ իր տարեկան զեկույցում ՀՀ-ին առաջարկել էր մինչեւ 2013թ. ընտրությունները վերացնել դիտորդների արտահայտած մտահոգությունները: «Նույն թանաքի սրվակը պատշաճ թափահարելու հանգամանքը լուծել ենթաօրենսդրակա՞ն ակտի մակարդակով, թե՞ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ` բախվելով մեկ այլ պահանջի, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի ընտրություններից առնվազն 1 տարի առաջ»,- ավելացրել է Դ.Հարությունյանը:
«168 ժամ»