Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունիսի 6-ին Ավան վարչական շրջանում կատարված երիտասարդի սպանությունը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, մոտավորապես ժամը 20-ի սահմաններում, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի մոտ մահացած երիտասարդ տղայի դի կա: Դեպքի վայր էր ժամանել 1-03 շտապ բուժօգնության թիվ 51 բուժբրիգադը՝ արձանագրելով, որ երիտասարդը մահացած է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով մահը վրա էր հասել:
Քիչ առաջ Գ.Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Արդեն գիշերը ժամը 3-ի սահմաններում Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանության Ավանի բաժանմունք է մեղայականով ներկայացել Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բնակիչ 36-ամյա Արսեն Հակոբյանը՝ «Կյաժ» մականվամբ, ով արդեն տվել է խոստովանական ցուցմունք, որի իր և սպանվածի 24-ամյա Վրեժ Աշխատյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Հակոբյանը բռունցքի մեկ հարված է հասցրել Վ. Աշխատյանի գլխին, ինչից հետո վերջինս ուշագնաց է եղել և գիտակցության չգալով, հենց վիճաբանության վայրում մահացել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ և սպանվածը և սպանություն կատարողը 2-ն էլ երթուղայինի վարորդներ են և պատճառը եղել է այն, որ իբրև թե մեկը մյուսից «ուղևոր է փախցնում»:
Այս պահին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական բաժնի քննիչի կողմից Արսեն Հակոբյանը ձերբակալվել է: