Նախնական կանխատեսումներով, Հայաստանում ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր է լինելու։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետծառայության ղեկավար Լեւոն Վարդանյանը։ Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն կանխատեսումները, որ Հայաստանի մի շարք շրջաններ այս տարի երաշտի վտանգի առաջ են կանգնած։ «Երաշտ կլինի, թե չի լինի՝ հարցին, այս պահին հստակ դրական կամ բացասական պատասխան տալ հնարավոր չէ։ Մենք ամռան համար կանխատեսում ենք կազմել, ըստ որի՝ ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով բարձր է լինելու։ Բայց այժմ չենք կարող ասել՝ դա երաշտի կհանգեցնի, թե՝ ոչ։ Մենք հինգ օրից ավելի հստակ կանխատեսում չենք անում։ Ժամանակը կմոտենա, նոր հնարավոր կլինի հստակ ասել՝ ինչ կլինի»,- ասաց Վարդանյանը։ Սովորաբար, ամենաշատ տեղումները լինում են մայիս ամսին։ Մայիսի տեղումները հատկապես կարեւոր են գյուղատնտեսության համար, քանի որ դրանցով է պայմանավորված, թե մի շարք մշակաբույսերի բերքն ինչպիսին կլինի։ Հայաստանի տարբեր շրջաններում մայիսին տեղումների մակարդակի պատկերը շատ հակասական է։ Վարդանյանի տրամադրած տվյալների համաձայն, մի շարք տարածաշրջաններում տեղումների մակարդակը միջինից բարձր է եղել։ Ասենք, Բագրատաշենում տեղումների մակարդակը միջինից բարձր է եղել 63, Տաշիրում՝ 65, Արտաշատում՝ 56, Օձունում՝ 45, Վանաձորում՝ 24, Գյումրիում՝ 21, Դիլիջանում՝ 13, Իջեւանում 7 տոկոս եւ այսպես շարունակ։ Փոխարենը, մի շարք շրջաններում էլ տեղումների մակարդակը նորմայից զգալիորեն պակաս է եղել։ Շորժայում տեղումների մակարդակը նորմայից ցածր է եղել 60, Եղվարդում՝ 45, Ապարանում՝ 38, Մասրիկում՝ 32, Աշտարակում՝ 29, Արարատում՝ 24, Մարտունիում՝ 10, Ուրցաձորում 8 տոկոս եւ այսպես շարունակ։ Երեւանում մայիսի տեղումների մակարդակը միջին նորմայից ցածր է եղել մոտ 60 տոկոսով։
Ըստ Վարդանյանի, հաշվի առնելով այն փաստը, որ իրենց ծառայությունը հինգ օրվա կտրվածքով է եղանակի ստույգ կանխատեսում անում, ուստի երաշտի վտանգի վերաբերյալ զգուշացումները նույնպես սովորաբար լինում են վերահաս վտանգից հինգ օր առաջ։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»