Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. ՀՀ և Արցախի դեմ ուղղված որևէ գործողություն անպատասխան չի մնալու

Հունիս 07,2012 10:51

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը»,- արձագանքելով Panorama.am-ի՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին՝ հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով սահմանային միջադեպերի համար պատասխանատվության խնդրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, և այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ»:

Կասկածից դուրս է, որ նման միջադեպերը հրահրվում են ադրբեջանական կողմից: «Մենք չունենք զինված ուժ կիրառելու որևէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, և կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց»,- նշել է հանրապետության ղեկավարն ու ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա. «Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողություններրը տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը»:

Խոսելով հայկական կողմի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածներրի արյունը»:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930