Ապրանքների մեծածախ գները, հատկապես փոքր եւ միջին խանութների համար, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հետեւողականորեն շարունակում են բարձրանալ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի՝ փոքր եւ միջին խանութներում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ապրանքները մատակարարվում են 5-10 տոկոս բարձր գներով, ինչը, ըստ մատակարարների, պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ։ Ասենք, կարագի տարբեր տեսակների մեծածախ գները բարձրացել են 6-10 տոկոսով, օրինակ՝ «Վալիո» տեսակի կարագի 200 գրամանոց տուփը նախկինում առեւտրի կետերը ստացել են 700 դրամով, այժմ առաքվում է 770 դրամով, «Անքորի» տուփի մեծածախ գինը 630-ից դարձել է 670 դրամ։ «Բջնիի» եւ «Ջերմուկ-գրուպի» 1 լիտրանոց հանքային ջուրը նախկինում առեւտրի կետերին առաքվել է 180 դրամով, այժմ՛ դարձել է 200 դրամ, եւ փոքր ու միջին խանութներում ստիպված են վաճառել 220 դրամով։ Նախկինում, ասենք, 725 դրամով առաքվող մեկ լիտր ձեթի մեծածախ գինը դարձել է 740 դրամ։ Եփած եւ ապխտած երշիկների, ներմուծված շոկոլադների մեկ կիլոգրամի մեծածախ գները բարձրացել են միջինը 100 դրամով։ Տեղական եւ ներկրվող մակարոնեղենի մեծածախ գինը բարձրացել է 5-10 տոկոսով, կենցաղային ապրանքներինը՝ 5 տոկոսով։ Թանկացել է անգամ կեսլիտրանոց «Կոկա-կոլան», որի 12 հատանոց փաթեթը («բլոկը») փոքր խանութները նախկինում ստացել են 2400 դրամով (հատը՝ 200 դրամ), այժմ՝ առաքվում է 2600 դրամով։ Ներկրվող սիգարետների մեծ մասի գները դեռեւս մեկ շաբաթ առաջ էին 3-5 տոկոսով բարձրացել։ Ըստ գործարարների, թանկացումների այս փուլն առայժմ ազդել է միայն փոքր եւ միջին խանութների վրա, իսկ սուպերմարկետների պարագայում նման խնդիր դեռ գոյություն չունի, քանի որ մի դեպքում՝ հենց սուպերմարկետների տերերն են այս կամ այն ապրանքի ներկրողը, կամ էլ՝ ապրանքի մեծ ծավալների գնման հաշվին ներկրողները զեղչեր են կիրառում, որոնց արդյունքում գների բարձրացման խնդիր չի առաջանում։
«Հայկական ժամանակ»