Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Աբրահամյան. Դավադրության մեջ մարդուն մեղադրելը շատ վտանգավոր է. Բացառիկ հարցազրույց (մաս 2. տեսանյութով)

Հունիս 06,2012 22:40

ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը Panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցի երկրորդ մասում խոսել է ԲՀԿ-ի հետ ունեցած խնամիական կապերի մասին և հայտարարել, որ դրանք միայն նպաստել են երկու կուսակցությունների համերաշխությանը:

Հիշեցնենք, որ հարցազրույցի առաջին մասում ԱԺ նախագահը խոսել էր իր կադրային քաղաքականության, Հովիկ Աբրահամյան-Սամվել Նիկոյան հարաբերություների և նոր խորհրդարանականների հետ աշխատելու իր նոր մեխանիզմների մասին:

-Բուռն քննարկումների տեղի տվեց ԱԺ ամբիոնից հնչեցրած Ձեր ձևակերպումը՝ «ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Ու՞մ էր ուղղված Ձեր այս ակնարկը, կհուշե՞ք:
-Հիմա ասույթ է, ես ասում եմ:

Իսկ Ձեր վերադարձով ապաքինվե՞ց ճշմարտությունը, այլևս խոցելի չէ՞:
-Ես չգիտեմ՝ հիմա Դուք ինչ եք ասում: Ես ասել եմ, բայց բացատրություն չեմ տվել՝ ինչ եմ ասում, ինչ եմ նկատի ունեցել:

-Համաձայն չե՞ք, որ ասույթը հենց այնպես չեն ասում՝ մանավանդ քաղաքական գործիչները ելույթի ժամանակ:
-Բայց ես հենց այնպես չեմ էլ ասել, ասեմ Ձեզ (ծիծաղում է,-թղթ):

-Մամուլում ենթադրում էին, որ ասվածը առնվազն կապ ուներ Ձեր վերադարձի ու դիրքերի ամրապնդման հետ: Փաստորեն վերականգնեցիք նախկին աշխատանքը, իսկ վերականգնեցի՞ք Ձեր նախկին համբավն ու դերակատարումը:
-Դուք ասեցիք, ես էդպիսի բան չեմ ասել:

-Պարոն Աբրահամյան, գոհ ե՞ք Ձեր ներկա կարգավիճակից, աշխատանքից:
– ԱԺ նախագահի աշխատանքին վերադառնալով՝ մեծ պարտավորություն եմ վերցրել ինձ վրա: Շատ մարդիկ կային, որ ասում էին՝ էս մարդը կարող է դառնալ ՀՀԿ շտաբի պետ, ինքն է ուզում և այլն, և այլն:
Ես զարմացել եմ, որովհետև այդ ցանկացողները  ոչ մի կապ չունեին ընտրությունների հետ, ոչ հասկանում են, ոչ էլ այդպիսի կշիռ ունեն, որ ընտրական գործընթացներ կազմակերպեին: Բայց պարզվում է՝ մարդիկ լուրջ ցանկություն ունեցել են…

-Դա սովորական հավակնությո՞ւն է եղել, թե՞ խանդ` Ձեր հանդեպ:
-Չէ, հավակնություն: Շտաբը ղեկավարելը կազմակերպչական մեծ աշխատանք է իրենից ենթադրում, այն զուտ մարդկանց օգնելու և ոչ թե խանգարելու խնդիր է լուծում: Շտաբի պետը կարող է իր սխալ մոտեցումներով, սխալ քաղաքականությամբ վնասել մի ամբողջ թիմի, մի ամբողջ աշխատանք, բայց մենք՝ հակառակը՝ օգնեցինք և ես այս հաջողությունները  կապում եմ նաև  մեր կենտրոնական շտաբի ճիշտ աշխատանքի հետ:

Իսկ Ձեր դերակատարումը, ֆունկցիաներն այս անգամ ՀՀԿ շտաբում նու՞յնն էին` ինչ նախորդ ԱԺ ընտրություններին:
-Այո, իհարկե, դեռ մի բան էլ ավելին:

-Եվ այսօր Դուք Ձեզ առավել վստահ ու հանգիստ զգու՞մ եք:
-Այո´:

Ուզո՞ւմ էիք վերադառնալ ԱԺ խոսնակի պաշտոնին:
-Այո, ես ուզել եմ, ես իմ ցանկությունը հայտնել եմ: Գիտեք ինչ, դավադրության մեջ մարդուն մեղադրելը շատ վտանգավոր և անարդար մոտեցում է, և ընդհանրապես, մարդուն մեղադրելը, ով 50 տարեկան է և ոչ մի անգամ նման քայլերի չի գնացել, ոչ մեկին չի դավաճանել, ոչ մեկին չի ստել,…. նման բանում ինձ մեղադրելը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Մեր թիմի մեջ կամ իմ կյանքում որևէ ընկերոջ կամ չգիտեմ աշխատանքի վայրում ոչ մեկի ոչ մի անգամ չեմ դավաճանել: Ես իմ տեսակով նման մարդ չեմ:

-Ուրմեն` ինչո՞ւ էին նման խոսակցություններ շրջանառվում, ինչ նպատակ էր դա հետապնդում:
-Այ Ձեր ասած խանդն էր փաստորեն: Ուղղակի մարդիկ ուզում էին փչացնել իմ ու նախագահի հարաբերությունները՝ մեջտեղ բերելով ԲՀԿ-ի, Ծառուկյան Գագիկի հետ խնամի լինելու հանգամանքները և էդ խնամիական հարբերություններով ստեղծել էին մի միֆ, որ մենք Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր ունենք և այլն: Բայց ի՞նչ կապ ունի իմ խնամիությունը քաղաքականության հետ, ի՞նչ կապ ունի:

-ԲՀԿ-ի և Ձեր անձի միջև այս ասոցիացիաները միայն խնամիական կապերից ելնելո՞վ էին դրսևորվում, թե՞ այլ հիմքեր կային դրա համար:
-Միայն խնամիական կապերից ելնելով, իսկ մեր խնամիական կապերը միայն նպաստել են երկու կուսակցությունների համերաշխությանը:

-Ի դեպ, Ձեզ դիտարկո՞ւմ էին որես կամուրջ՝ այս երկու կուսակցությունների միջև:
-Այո:

-Այս դեպքում կոալիցիան չկայացավ, ԲՀԿ-ն չներգրավվեց որպես կոալիցիան կողմ ուրեմն` ի՞նչ:
-Կոալիցիան չկայացավ, բայց ընդդիմադիր էլ չդարձավ ԲՀԿ-ն, չէ՞:

-Կնշանակի կամուրջն իր դերակատարումն, այնուամենայնիվ, ունեցա՞վ:
-Դե.. ես հիմա չեմ կարող` դա ասել իմ դերակատարությունն էր: Երկու կուսակցությունների ղեկավարները քննարկել են և, իմ կարծիքով, գիտեք ինչ, եթե մի կուսակցությունը չի ուզում կազմի կոալիցիա, դա իր գործն է.. ԲՀԿ-ն առանձին ուժ է և դա իրենց դիրքորոշումն է: Ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ի կոլիցիա չկազմելուց մենք խնդիրներ չենք ունենալու երկրում: Ես Ձեզ ասեմ, հիմա կուսակցությունը ինքը նպատակահարմար չի գտել և էդ հարցը չի փակվում: Մենք առջևում ունենք նախագահական ընտրություններ, և անպայման, այս ընթացքում բոլոր կուսակցությունները իրենց դիրքորոշումը ցույց կտան:

Այսինքն` այս ընթացքում ավանսով խոստումներ եղա՞ն և քաղաքական պայմանավորվածությունը ընդամենը հետաձգվե՞ց:
-Դուք ասեցիք, ես նման բան չեմ ասել:

-Կարծիք կա, որ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա դրանով ձեռք կբերի թշնամիներ, ԲՀԿ-ական գործարարները՝ սկսած Գագիկ Ծառուկյանից հարկային ճնշումների կենթարկվեն:
-Ես չեմ կարծում, որ նման բան կլինի, ճնշում, որևէ բան չի կարող լինել: Ես խնդիր չեմ տեսնում այդ հարցում, չեմ էլ պատկերացնում, իրականում իմ մտքով անգամ նման բան չի էլ անցել:

-Խաչատուր Սուքիասյանի պարագայում, երբ նա սատարեց ընդդիմադիր կուսակցությանը, կորուստներ ունեցավ: Արդյո՞ք նույն վտանգը չի սպառնում Գագիկ Ծառուկյանին:
-Ես չեմ ուզում անդրադառնալ Խաչատուր Սուքիասյանի կորուստներին: Ձեր ասածով` նույնը կարող է լինել նաև ՀԱԿ-ի, «Ժառանգության», Դաշնակցության անդամների պարագայում:

-Գագիկ Ծառուկյանը մեծ հաշվով խոշոր գործարար է:
-Հիմա նա արդեն գործարարությամբ չի էլ զբաղվում: Իսկ ու՞մ ունեցավածքն են միչև հիմա խլել: Չի կարող նման  քաղաքական մոտեցում լինել, Ծառուկյան Գագիկին ճնշեն և այլն, և այլն: Եթե հարկերը չվճարեն, այո, բոլորը ուզում է՝ ես լինեմ, ուզում է մյուսը, գործողություններ կլինեն. ստվերը պետք է բերենք հարկային դաշտ, ով ուզում է լինի: Բացառում եմ քաղաքական որևէ հետապնդում որևէ մեկի նկատմամբ: Ես վերջերս հասկացա, որ այս 20 տարիներին իրոք մեծ աշխատանք եմ կատարել ես: Ինչքա՜ն մարդ կա, որ պաշտոնը թողել են ու դժգոհել են՝ էս ընկերս չզանգեց, էս բարեկամս նույնիսկ չի զանգում, չի գալիս, էն մարդիկ ովքեր ամեն օր ինձ զանգում էին, մեր տուն էին գալիս, իմ հետ շփվում էին հիմա այլևս չեն գալիս: Ես նման խնդիր չունեի:

-Դուք համաձայն չե՞ք, որ ժամանակից շատ ավելի շուտ եղավ Ձեր հեռանալու հրաժարականն իրականում:
-Չէ: Մեր երկրի ցավերից մեկն այն է, եթե կարելի է այդպես ձևակերպել, որ մարդիկ ոչ թե մտածում են, թե ոնց աշխատեն, այլ ոնց մատուցեն: Ինձ մոտ հակառակն է, ես աշխատում եմ, մատուցելու մասին ոչ էլ մտածում եմ: Թողնում եմ միայն գնահատականին, իսկ երկրի նախագահը գնահատեց:

-Այն ընթացքում, երբ Ձեր մասին չարախոսություններ եղան այդքան փորձո՞ւմ էիք հիմնավորել, համոզել որևէ մեկին:
-Ոչ, ես ոչ մի բան չունեմ համոզելու: Համոզել եմ իմ գործով:

-Իսկ հիմա Դուք համոզելու, ապացուցելու որևէ բան չունե՞ք:
-Այն ժամանակ էլ չեմ ունեցել:

-Կարծում եք` Դուք, ընտրությունները կազմակերպելով, այդքան ձայներ ապահովելով կարողացե՞լ եք հիմնավորել և ապացուցել Ձեր նվիրվածությունը ՀՀԿ առաջնորդին և Ձեր կուսակցությանը:
-Այո, մեր կուսակցությանը, մեզ, բոլորիս ապացուցել եմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930