Այսօր ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը կոնգրեսական երիտասարդերի հավաքին երկու հայտարարություն արեց: Նրանցից մեկը վերաբերում է Վլադիմիր Կարապետյանին: Բանն այն է, որ թիվ 2 ընտրատարածքում Վլադիմիր Կարապետյանը քանի որ չընտրվեց, Լեւոն Զուրաբյանը որոշել է այսպիսի ժեստ անել՝ դառնալ նրա ներկայացուցիչն Ազգային ժողովում: Պարոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ես վստահ եմ, որ 2-րդ ընտրատարածքում հաղթել է Վլադիմիր Կարապետյանը: Եթե պետականորեն կազմակերպված այդ ամբողջ պետական մեքենան չաշխատեր, ընտրակաշառք չբաժաներ, մարդկանց չահաբեկեին, չտանեին ընտրատեղամասեր՝ Վովա Կարապետյանը մեծ առավելությամբ հաղթելու էր, եւ ես, օրինակի համար, այս առաջարկն արել եմ: Ինքը պիտի լիներ պառլամենտում, իրենից այդ մանդատը գողացել են, այսօր ես պատրաստ եմ լինել իր ներկայացուցիչը ԱԺ-ում: Այսինքն՝ նաեւ երկրորդ տարածքի բոլոր ընտրողների շահերը պատրաստ եմ պաշտպանել այնտեղ: Վլադիմիր Կարապետյանը, ըստ էության, կարող է աշխատել որպես՝ պատգամավոր: Ես կլինեմ ուղղակի իր համար ներկայացուցիչ՝ պառլամենտում: Մենք այս սխեման ուզում ենք տարածել ամբողջ Հայաստանի վրա: Մեզանից գողացել են բազմաթիվ մանդատներ, ես վստահ եմ՝ մոտ 40 մանդատ են գողացել, այս 7 պատգամավորներն իրենց վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնեն, քան՝ մեկ պատգամավորի պատասխանատվությունը: Այդ 50 պատգամավորի պատասխանատվություն է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՀԱԿ-ի կառույցները Հայաստանում դառնան պատգամավորական գրասենյակներ: Այսինքն՝ ՀՀ ցանացած քաղաքացի իրավունք ունենա գա ՀԱԿ կառույց՝ որպես պատգամավորական գրասենյակ, եւ ներկայացնի իր խնդիրը: Մեր խնդիրն է լինելու այդ մարդկանց խնդիրները բարձրաձայնել պառլամենտում կամ պետական բոլոր ատյաններում: Սա մենք պատրաստ ենք անել»: ՀԱԿ-ը որոշել է, որ այս հարցի կազմակերպական խնդիրները լուծելու համար առանձին քննարկում է կազմակերպելու:
Պարոն Զուրաբյանի երկրորդ հայտարարությունը վերաբերում էր իր ընտրողներին. «Ես առաջադրված էի 9-րդ ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու: Այն շտաբի պետը, որը կազմավորեցի, Սամվել Աբրահամյանն էր: Մենք տրամաբանական գտանք, որ շտաբը տեղավորվի ՀՀՇ գրասենյանկում, որովհետեւ Սամվել Աբրահամյանը ՀՀՇ փոխնախագահն էր»: Պարոն Զուրաբյանը նրան, Իզաբելլա Սարգսյանին շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Ես վստահ եմ, որ եթե Հայաստանում մաքուր ընտրություններ լինեին, մենք ջախջախիչ հաղթանակ էինք տանելու: Բայց առնվազն երկու թեկնածու ենք ունեցել, որոնք փող են բաժանել ընտրատարածքում: Այդ պատկերը մենք ունեցել ենք ամենուրեք: Ընդ որում, որքան շատ թեկնածու փող է բաժանել, այնքան ավելի բարդ է եղել դրա դեմ պայքարել, որովհետեւ դրանով ավելի շատ է աղավաղվել ժողովրդի կամքը: Բայց ես ասեմ՝ ինձ համարում եմ ոչ միայն համամասնական ցուցակում ընդգրկված, այլ՝ 9-րդ ընտրատարածքում մեծամասնականով ընտրված պատգամավոր: Ես հայտարարում եմ, որ բոլոր խոստումները, որոնք ես արել եմ Կոնդում, Նորագյուղում, Աջափնյակում, Կոզեռնում, բազմաթիվ այլ վայրերում, որոնք իմ ընտրատարածքի մաս են կազմում, բոլոր այդ խոստումները ես կատարելու եմ, որովհետեւ ինձ համարում եմ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր, եւ պատրաստ եմ 9-րդ տարածքի ընտրողների օրինական շահերը պաշտպանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև