Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի քննարկումը՝ ներքին խոհանոցից (Տեսանյութ)

Հունիս 06,2012 21:03

Այս պահին ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ՀՀՇ գրասենյակում հանդիպում-քննարկում են անում կոնգրեսական երիտասարդների հետ: Արամ Մանուկյանը նշեց, որ այդ հանդիպումը երիտասարդների նախաձեռնությունն է, ոչ թե իրենց, եւ ուղղակի ընտրություններից հետո քննարկելու են ներքին խոհանոցային ինչ-ինչ հարցեր: «Կան բաներ, որ կուզենայինք մի քիչ ավելի բաց խոսել քաղաքական իրողությունների, կազմակերպական խնդիրների մասին, գաղտնի բաներ չենք քննարկելու»,- այս ասելուն պես ՀԱԿ պատգամավորները խնդրեցին մամուլին, այսինքն՝ Aravot.am-ին  լուսաբանել քննարկման առաջին մի քանի րոպեն:

Քննարկման ընթացքում երիտասարդներից մեկը՝ ՀՀՇ կուսակցության երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանը հարցրեց. «Հրազդանի ընտրություններից հետո մեր առաջնորդները հայտարարությամբ հանդես եկան, որ արդեն բավականին փորձ ունեն, ու Հրազդանի ընտրությունները մի կետ էր, որտեղ կարելի էր լավ փորձ հավաքել՝ ԱԺ ընտրությունների համար: Դրանից հետո մենք պետք է ենթադրեինք, թե ինչ սխեմայով պետք է իշխանությունները կեղծեին ընտրությունները: Նույն բանն էր կատարվում ԱԺ ընտրություններում՝ ինչ Հրազդանում: Մենք մոտավորապես 2 ամիս ժամանակ ունեինք հակաքայլեր ձեռնարկելու համար: Ուղղակի մի քիչ քննադատորեն եմ վերաբերում. մենք ավելին չէի՞նք կարող անել, ինչ արեցինք: Եթե ինչ-որ բան կա, որ մեր ուժերից վեր է՝ կարող ենք այդպես էլ ընդունել, որ մեր ուժերից վեր է»:

Լեւոն Զուրաբյանը ճշտում մտցրեց՝ եղել է մեկ տարբերություն, որ Հրազդանի ընտրություններում բազմակի քվեարկություն չի կիրառվել, այնտեղ կիրառվել է այլ մեխանիզմ, օրուգիշեր աշխատել է ոստիկանության անձնագրային բաժինը եւ շատ մարդկանց հաշվառել է՝ որպես հրազդանցիներ, որոնք քվեարկել են հօգուտ իշխանության ներկայացուցչի: Իսկ ԱԺ ընտրություններում կեղծել է 500 -700 հազար ձայն, դրանց կեսը բազմակի քվեարկության արդյունքն է:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների դեմ անզորությունն ընդունելուն՝ պարոն Զուրաբյանը նշեց. «Կարող ենք ընդունել, ես ընդունում եմ հենց հիմա: Մենք ունենք մոտավորապես 2000 տեղամաս: Ամեն տեղ պետք է կանգնեցնեինք երկու մարդ: Մենք այդ խնդիրը հազիվ, մի կերպ արել ենք, հազիվ: Դրա համար՝ որ վերահսկես ընտրակաշառքը, անհրաժեշտ են ուղղակի լուրջ շրջիկ խմբեր՝ դրսում կանգնած, որոնք օպերատիվ-հետախուզական գործունեություն պիտի անեին: Այսինքն՝ ընդդիմությունը պետք է պետության դերը կատարեր: Մենք ամենասկզբից ոստիկանությանը ասեցինք, որ եթե ոստիկանությունը կպնի ընտրակաշառքների գործին՝ ընտրակաշառք չի բաժանվի ընդհանրապես: Ամբողջ խնդիրը սրա մեջ է: Սա պետականորեն կազմակերպված հանցագործություն է: Չեք կարող, դուք ինչքան ուզում եք՝ ընդդիմություն եղեք, ինչքան ուզում եք՝ հզոր եղեք, եթե կազմակերպվում է պետականորեն մարդկանց բերելը, անձնագրեր հավաքելը, ընտրակաշառք բաժանելը գազելներում, թաքնված տեղերում, դուք դա չեք կարող ֆիքսել: Այսինքն՝ մի քանի տեղ ֆիքսել էլ ենք: Ֆիքսում ենք, լավ, գազելներում փող են բաժանում. ի՞նչ պիտի անենք՝ կա՜մ պիտի ծեծենք այդ մարդկանց, ինչը արգելված է, կա՜մ պիտի ոստիկանություն դիմենք: Դիմում ենք ոստիկանություն, հետո պարզվում է, որ նույնն պահին, հենց դիմում ենք ոստիկանություն՝ սրանք տեղից փախնում են»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ էլ «Հրազդանում բռնել են դեպք, կաշառատուին բռնել են, կաշառքը բռնել են, գործ են հարուցել, գործը հասել է դատախազություն, իրենք՝ դատախազությունով, գործը ջրեցին՝ գնաց: Սա այն դեպքն է, որ իշխանությունը ոչ թե դեմ է կաշառքին, այլ կաշառքի կազակերպողն է եւ հովանավորողը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930