Գյումրի քաղաքի բնակիչներ 42-ամյա Մկրտիչ Զիլֆիմյանն ու 33-ամյա Բագրատ Հարությունյանը որոշել էին, այսպես ասած, բիզնեսով զբաղվել: Երկար մտածել էին, հարմար տարբերակ գտել և գործի անցել: Նրանց բավական հաջող սկսված «բիզնեսը», սակայն, ավարտվեց մայիսի վերջին, իսկ իրենք` պատասխանատվության առաջ կանգնեցին: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, մայիսի 25-ին, ժամը 17.10-ին, Անի կայարան գյուղի մի բնակչից ոստիկանության Անիի բաժին հաղորդում ստացվեց: Նախորդ օրը գյուղի դաշտում ոչխար արածեցնելիս «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել էին երկու անծանոթ և, 4 հատ 20 հազար դրամանոց վճարելով, գնել երկու գառ: Նրանց հեռանալուց հետո միայն գյուղացին հայտնաբերել էր, որ վճարել են կեղծ թղթադրամներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները կատարվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան: Նրանց տեսադաշտում հայտնվեցին Մկրտիչ Զիլֆիմյանն ու Բագրատ Հարությունյանը, որոնք բերման ենթարկվեցին ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:
Ոստիկանությունում հայտնվելուց հետո նրանք ոչ միայն պատմեցին կատարվածը, այլև մանրամասն ներկայացրին կեղծ թղթադրամներ ստանալու գործընթացը:
Օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում հիմնավորվեց նաև, որ նրանց ապօրինի գործողությունները միայն Անի կայարան գյուղով չէին սահմանափակվում: Նույն կերպ իրենց հանցավոր թակարդն էին գցել Շիրակի մարզի Կամո և Հովիտ գյուղերի բնակիչների` մեկից գնելով մի ոչխար, մյուսից` երեք:
Ոստիկանության ԿՀԴՊ և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զիլֆիմյանն ու Հարությունյանը բացի 20 հազարանոց կեղծ թղթադրամներից շրջանառության մեջ են դրել նաև 5 հազար դրամանոցներ` իրացնելով հանրապետության տարբեր բնակավայրերում:
Կեղծ թղթադրամների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: