ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք Aravot.am-ի հետ զրույցում խնդրեցին իրենց անունները չհրապարակել, նորընտիր պատգամավորին հարց ուղղեցին, թե «ինչո՞ւ է գործարանն ամբողջ տարվա ընթացքում աշխատում ընդամենը 3 ամիս, իսկ մնացած ամիսներին անգործության է մատնված: Մարդիկ ինչպե՞ս պահեն իրենց ընտանիքները»:
Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ շաքարի հումք ստանալու դեպքում էլ, մարդկանց աշխատեցնում են պայմանագրում նշված աշխատաժամից մի քանի ժամ ավելի, ինչի համար գործատուն չի վարձատրում:
Շաքարի գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում հիշեցրեց, թե 2 տարի առաջ, երկրի նախագահից սկսած մինչեւ մարզպետ, գյուղնախարար, գործարանի բացման ժամանակ ինչ խոստումներ են տվել` վստահեցնելով, որ ոչ միայն աշխատատեղեր կբացվեն, շաքարավազը կէժանանա, այլեւ` պարապուրդի մատնված գյուղացիները ճակնդեղի արտադրություն կհիմնեն` գործարանին հումք մատակարարելու համար, սակայն այսօր, «ոչ շաքարավազն է էժանանում, գյուղացու ցանած ճակնդեղն էլ գրեթե ինքնարժեքով է իրացվում, աշխատակիցներն էլ ամիսներով պարապ են մնում»:
Աշխատակիցների դժգոհության առիթով, այս գործարանի որեւէ պատասխանատու անձից մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ: Aravot.am-ի հեռախոսազանգերին ի պատասխան, Էդիկ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն գործարանի նախկին տնօրեն է եւ որեւէ կապ չունի շաքարի գործարանի հետ: Գործարանի հետ կապ ունեցող այլ անձանց բջջային հեռախոսներն էլ պարզապես անջատված էին:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Սփյուռ», «ԱրմենՏել»-ի` 1-09, «Արեգ», «Հայաստան» տեղեկատուներում
Ախուրյանի շաքարի գործարանից, որը գրանցված է «Լուսաստղ Շուգր» անունով, ոչ բջջային, ոչ էլ ֆիքսված կապի որեւէ կոորդինատ չկար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ