Հունիսի 4-ի լույս գիշերը Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի հենակետերի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո Ադրբեջանի լրատվական գործակալությունները, իսկ հետո պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն իսկույն անառարկելի տոնով տարածեցին մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունեցող հայտարարություններ:
Կեսօրին Բաքվի «ԱՊԱ» գործակալությունն ավելի խելոք ելք չգտնելով, ադրբեջանական քարոզչամեքենայի մաշված հնարքների տառին ու ոգուն խստիվ համապատասխան, ամեն ինչ գլխիվայր ներկայացնելու համար ուղղակի բառացիորեն արտագրեց հայկական հաղորդագրությունը եւ հայտարարեց, որ… Տավուշի Չինարի եւ Բերդավան գյուղերի մերձակայքում նկատվել են մի խումբ հայ զինծառայողներ, եւ ադրբեջանական բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում նրանցից երեքը ոչնչացվել են, իսկ հինգը` վիրավորվել:
Այսպիսով, «ԱՊԱ» գործակալությունն իր տարածած հաղորդագրությամբ ոչ միայն հաստատեց, որ զինադադարի ռեժիմը խախտել եւ նախահարձակ են եղել իրենք` կրակ բացելով ոչ թե Ղազախի կամ Թովուզի տարածքում, այլ հայկական գյուղերի մերձակայքում «նկատված» հայ զինծառայողների վրա (կարծես հայ զինվորն էլ ուրիշ որտեղ պետք է լիներ, եթե ոչ իր հենակետում), այլեւ ապացուցեց, որ Բաքվում ծուլացել են անգամ նայել քարտեզին, այլապես կհասկանային, որ պետք էր գործողությունների թատերաբեմ ներկայացնել ոչ թե Չինարիի ու Բերդավանի, այլ նրանց մերձակա ադրբեջանական գյուղերի տարածքը:
Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, որպես իսկական զինվորական, նախընտրեց չգնալ տրորված ճանապարհով։ Նա լրագրողին գիտակ տոնով բացատրեց, թե «Հայաստանի ներքին քաղաքական հակասություններն ու տարբեր խմբերի շահերը ներթափանցում են բանակ եւ հանգեցնում զինված բախումների»։ Ցավոք, այնպես էլ չհստակեցնելով՝ հայ զինծառայողներն են միմյանց վրա կրակ բացե՞լ, թե՞ տարբեր խմբերի շահերը մերոնց դրդել են հարձակման փորձ ձեռնարկել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Դե գնա ու պետական կառույցի լրատվական ծառայության պետին բացատրիր, թե Ազգային ժողովի ընտրությունները, որոնք Հայաստանում տեղի ունեցան մեկ ամիս առաջ, անվանվում են ոչ թե «քաղաքական հակասություններ», այլ «օրենսդիր մարմնի ընտրություններ», որոնք չորս կամ հինգ տարին մեկ տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր պետություններում, իսկ ըստ պաշտոնական Բաքվի տեղեկատվության` նաեւ Ադրբեջանում:
Իրականությունն այն է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակն անընդհատ ոտնձգությունների է դիմում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմաններում, ինչպես Դովեղի աննախադեպ գնդակոծումն ու գիշերով դարանից մարդատար մեքենայի վրա ապրիլի 27-ին կրակ բացելու եւ պայմանագրային զինծառայողներ Արշակ Ներսիսյանի, Դավիթ Աբգարյանի ու Արամ Եսայանի կյանքերը խլելու դեպքերը: Այն ժամանակ էլ Էլդար Սաբիրօղլուն ինչ-որ բաներ էր խոսում, մինչեւ հայկական կողմը հենց ողբերգության վայրում միջազգային միջնորդներին պարզ ապացուցեց, թե իրականում ինչ է կատարվել:
Տիգրան ԴԵՎՐԻԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»