Վերջին ամիսներին լրատվամիջոցներով լուսաբանվող` Հանրապետական կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի նիստերին հետևողները չեն կարող պարբերական դեժավյուի վիճակ չապրել, հատկապես` եթե հիշում են խորհրդային ժամանակներն ու կոմունիստական կուսակցության իշխանության տարիները:
Անընդհատ թվում է` խոսքը կոմկուսի կենտկոմի լիագումար նիստերի` պլենումների մասին է, որոնց ընթացքում երկրի և ժողովրդի համար նույնպես «ճակատագրական» որոշումներ էին կայացվում, կադրային կարևորագույն խնդիրներ լուծվում: Իսկ երեկոյան պետական «վրեմյաները»պաթոսով հաղորդում էին այդ մասին: Նույն ոճն է, նույն առաջնորդապաշտությունն ու քծնանքը, հայրենանվիրության նույն կեղծ կիրքը, մեծամեծների նույն փարիսեցիությունը: Դե, իսկ «վրեմյաների»հաղորդավարների սուտ լրջությունն ու պաթոսը մեծ հաջողությամբ յուրացրել են զանազան շարմազանովներն ու աշոտյանները, նաղդալյաններն ու սահակյանները` նորօրյա «բոլշևիկները»:
«Բոլշևիկ»` ոչ գաղափարական, այլ` կուսակցական մենատիրության, պետական լծակները կուսակցության շահերին ծառայեցնելու, այդ լծակներին պարբերաբար վերատիրանալու անհագ նկրտումների,«մենշևիկության» բոլոր տեսակի դրսևորումների ժխտման, այլախոհության մերժման առումով: Եվ քանի որ բոլշևիկների պարագայում նույնպես գաղափարախոսությունը երկրորդական էր, որքան մերօրյա հանրապետականների, ուրեմն իսկապես կարելի է վերանալ գաղափարախոսական տարբերություններից և այսօրվա Հանրապետականը համարել կատարելապես բոլշևիկյան տիպի կուսակցություն:
Ինչ արժե միայն ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերի ժամանակ գրանցվող` կոմունիստական ժողովներից ժառանգված «միաձայնը», երբ բոլոր որոշումները, մանավանդ եթե դրանց ետևում կանգնած է ՀՀԿ«կենտկոմի առաջին քարտուղարը», ընդունվում են ամոթալիորեն«միաձայն». իսկապես ամաչում ես այն համատարած անդիմության համար, որ տիրում է այս կուսակցությունում: Հանրապետականի գործադիր մարմնի վերջին «պլենումներում», օրինակ, նոր ԱԺ նախագահի, փոխնախագահների, ապա նաև վարչապետի համար հաստատվել են թեկնածություններ, որոնք բոլորն անցել են «միաձայն»` բառ, որն իրենով արդեն բնորոշում է կուսակցությունում տիրող իրավիճակը:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է:
«Երկիր»