Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես իրենք մեր երկրից չեն, ինչ-որ ուրիշ տեղ են, ու այդ ուրիշ տեղից Բերդավանն ու Չինարին էնքան հեռու են թվում

Հունիս 06,2012 11:10

Նախօրեին թշնամու ձեռնարկած նախահարձակ գործողությունների ու սահմանում տեղի ունեցածի մասին տեղեկությունները իսկապես հուզել էին բազմաթիվ քաղաքացիների։ Շատերը՝ աշխատավայրում, բակերում, տրանսպորտում այդ մասին էին խոսում, միմյանց հետ քննարկում էին լսած տեղեկությունները։

Բայց ի՛նչն է հետաքրքիր, եթե ոչ՝ տարօրինակ. քաղաքական շրջանակներն, ըստ էության, պասիվ կեցվածք դրսեւորեցին։ Երկրում, որտեղ պաշտոնապես գրանցված է 70-ից ավելի կուսակցություն, կա առնվազն 6 խորհրդարանական խմբակցություն, միայն 1 կուսակցություն («Ազատ դեմոկրատները») հանդես եկավ հայտարարությամբ։ Կատարվածի վերաբերյալ կայքերից մեկին մեկնաբանություններ տվեց ու հայտարարություն արեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Մնացած քաղաքական ուժերը լուռ-լուռ էին։ Ինչո՞ւ։ Եվ նորմա՞լ պահվածք է դա, թե՞ աննորմալ։ Մեր կարծիքով, նորմալ պահվածք չէ։ Առավել եւս, եթե նկատի ունենանք, որ մեզանում քաղաքական ուժերը հաճախ հայտարարություններ են ցփնում կատարվածի համեմատ խիստ աննշան դեպքերի կապակցությամբ։

Նրանց, ի՞նչ է, հակառակորդի կողմից նախահարձակ գործողությունները, այն էլ՝ ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի օրերին կամ այդ այցին զուգահեռ ձեռնարկած սադրանքը չէ՞ր անհանգստացրել։ Ասելու բան չունեի՞ն։ Թե՞ Չինարի գյուղի կամ Ոսկեպարի պաշտպանական դիրքերում հնչած կրակոցները Երեւանի կենտրոնում չեն լսվում, ուրեմն կարելի է հանգիստ տրվել առօրյայի՞ն։
Ի դեպ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին հունիսի 4-ի երեկոյան, ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ գնահատական տվեց, այդ առնչությամբ հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Բայց, կարծում ենք, նախքան նախարարի այդ հայտարարությունը, ՀՀ ԱԳՆ-ն էլ կարող էր մամուլի ծառայության միջոցով որոշակի դիրքորոշում արտահայտել։ Եվ այդ հայտարարությունները չէին կարող մեկը մյուսին, այսպես ասենք՝ չեզոքացնել կամ վնասել։

Մեկ-երկու խոսք էլ «հասարակական շրջանակների մասին»։
Ցանկացած համեմատություն «կաղում» է, այս մեկը թերեւս, ավելի շատ, բայց նկատենք, որ երբ ինչ-որ տաքգլուխներ կրակ գցեցին երեւանյան ակումբներից մեկը, ու հընթացս դա կապվեց սեռական փոքրամասնությունների հետ, ի պաշտպանություն վերջիններիս իրավունքների, զանազան հասարակական կազմակերպությունների կողմից հայտարարությունների ալիք բարձրացվեց։
Բանը հասավ նրան, որ դատապարտող հայտարարություններ արեցին տարբեր միջազգային կազմակերպությունների ու կառույցների տեղական գրասենյակները եւս։ Թշնամու կազմակերպած սադրանքի հետեւանքով հայ զինվորներ են սպանվել, դա կարծես չի էլ անհանգստացրել նույն շրջանակներին, որոնք սեփական երկրի բանակի վրա ցեխ լցնելու առիթը չեն փախցնում։

Ճիշտ է, ի՞նչ պիտի ասեն։ Երեւի ավելի լավ է՝ լռեն։ Ի վերջո, հո աղանդավորների կամ սեռական ինչ-ինչ խնդիրներ ունեցողների եւ այդ խնդիրներն ի ցույց դնողների՞ չեն դիպել, որ իրար խառնվեին։ Ի դեպ, հեռուստացույցն էլ միացնում ես, ավելի լավ է՝ չմիացնեիր։ Լավ է, դեռ լրատվական թողարկումներ կան։ Իսկ դրանցից հետո… մի ալիքով եթերում թղթախաղով են տարված, մեկ ուրիշում ինչ-որ անհամ կատակներ են անում, մյուսով…
Ու կարծես իրենք մեր երկրից չեն, ինչ-որ ուրիշ տեղ են, ու այդ ուրիշ տեղից Բերդավանն ու Չինարին էնքան հեռու են թվում։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930