Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա շաբաթներին դրամը հավանաբար կարժեւորվի

Հունիս 06,2012 10:30

Երեկ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասավ մինչեւ 411 դրամի 1 դոլարի դիմաց, իսկ փակման գինը կազմեց 413 դրամ: Փոխարժեքի քիչ թե շատ նշանակալի տատանում Հայաստանում անմիջապես խուճապային տրամադրություններ է ստեղծում: Բացատրությունը, թե շատերն աչքի առաջ ունեն 2008-ի մարտի 3-ը, համոզիչ չէ, քանի որ մինչ մարտի 3-ը դրամային ավանդների ճնշող գերակշռությունը բանկերը փոխեցին եւ դարձրեցին դոլարային, ու ավանդատուները գրեթե կորուստներ չունեցան: Բացի դրանից, մինչ մարտի 3-ն էլ, դրանից հետո էլ, դոլարի նկատմամբ առանձնահատուկ սեր տածող մեր հայրենակիցները հակված են ցնցվելու դոլարի ցնցման հետ: Ինչպես բազմից ենք ասել, դրանով, այսինքն խուճապային սպասումներ ստեղծելով, ավելի ենք բարդացնում իրավիճակը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բորսայում երեկ ընդամենը 1,6 մլն դոլար է վաճառվել նման բարձր գնով, կարելի է եզրակացնել, որ դոլարի թանկացման սպասումներն են այս պահին լուրջ դեր խաղում:

Նույնը կամ գրեթե նույնն է կատարվել վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ինչ դոլարի փոխարժեքը գերազանցեց 400 դրամը եւ այժմ 406-410 դրամի միջակայքում է: Կրկին եղան մարդիկ, որ նետվեցին իրենց մոտ եղած դրամը դոլար դարձնելու, անկախ այն բանիցՙ մե՞ծ գումար է խնայողությունը, թե՞ ոչ, արտերկրի հետ ինչ-որ գործարք, արտարժույթով ինչ-որ վճարում ունե՞ն անելու, թե՞ ոչ:

Նման դեպքերում, երբ փոխարժեքը կայունանում է եւ դոլարը վերադառնում կամ մոտենում է նախկին դիրքերին, նույն մարդիկ Հայաստանի ներսում կատարվող ծախսերի համար իրենց փոխած դոլարը կրկին դրամ են դարձնում եւ փոխարժեքի փոփոխության ժամանակ արդեն տուժում են: Այս անգամ եւս, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ կտուժեն: Ամենայն հավանականությամբ ենք ասում, քանի որ փոխարժեքը կախված է բազմաթիվ` ներքին եւ արտաքին գործոններից, եւ հստակ հնարավոր չէ ասել, թե ինչ տատանումներ կունենա առաջիկայում:

Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ առաջիկա շաբաթներին դրամը որոշակիորեն կուժեղանա: Ինչո՞ւ: Նախ գոյություն ունի օբյեկտիվ գործոնը` գյուղմթերքների առատության սեզոնը, որի ժամանակ սովորաբար դրամն ուժեղանում է, իսկ դոլարը` արժեզրկվում: Դա լինում է ամռան ամիսներին եւ օբյեկտիվ գործոններից ամենագլխավորն է այս ժամանակահատվածի համար: Հաջորդ գործոնը Կետրոնական բանկի գործողություններով է պայմանավորված: Ինչպես հայտնի է, վերջինիս հիմնական նպատակը գնաճի զսպումն է: Ինչը նշանակում է, որ ԿԲ-ն իր ունեցած գործիքներով թույլ չի տա դրամին շատ արժեզրկվել: Այս երկու գործոնների ազդեցությամբ հավանական է, որ առաջիկա շաբաթներին դրամի դիրքերը ամրապնդվեն եւ եթե չվերադառնան 390-ի սահմաններին, ապա 400-ի միջակայքից շատ հեռու չեն լինի:

Մյուս կողմից, նկատի ունենալով, որ ազգային արժույթի արժեզրկումը նպաստում է արտահանման զարգացմանը, գուցե երկրի իշխանություները թողնեն, որ շարունակի՞ արժեզրկվել: Այս տարբերակը կարող է հավանական թվալ, հատկապես որ դրամի դանդաղ արժեզրկման մասին անցյալ տարի հայտարարել էր երկրի նախագահը, այդպիսով համապատասխան սպասումներ առաջացնելով բնակչութան մեջ եւ տեղիք տալով փոխարժեքի կտրուկ տատանումների այն ժամանակ: Սակայն բարձր գնաճը` սոցիալական լուրջ սպառնալիքով, քիչ հավանական է դարձնում դեպքերի նման զարգացումը: Հետեւաբար, եթե արտաքին լուրջ գործոններ չլինեն, որի արդյունքում դոլարը միջազգային շուկայում ուժեղանա, ապա ներքին գործոններով պայմանավորված առավել հավանական է դրամի որոշակի ամրապնդումը: Այստեղ նույնպես մի վերապահում պետք է անել` եթե մարդիկ չշարունակեն խուճապային տրամադրություններով այլ սպասումներ առաջացնել: Ամեն դեպքում, մնում է միայն սպասել առաջիկա շաբաթների իրադարձություններին, որից հետո վերստին կանդրադառնանք այս թեմային:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930