Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման ծրագրի եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպվել է ֆլեշ-մոբ ակցիա` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել երեխաների իրավնունքների պաշտպանության հարցերին: Ֆլեշ-մոբ ակցիան, որն անցկացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը միասին՝ հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման> ծրագրի շրջանակներում, կրում էր «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսը:
Մարզկենտրոնի կենտրոնական հրապարակում անցկացված ակցիային մասնակցում էին ծրագրում ընդգրկված Կապանի տարածաշրջանի 45-ից ավելի երեխաներ եւ Կապանի մանկական կենտրոնի 20 երեխաներ: Ֆլեշ-մոբ ակցիայի վերջում մասնակից երեխաներն ու ներկաները փոքրիկ թղթերի վրա գրեցին իրենց ցանկությունները եւ լցնելով փուչիկներից պատրաստված զամբյուղը` բաց թողեցին օդ: «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագիրը նախատեսված է իրականացնել 3 տարվա ընթացքում` հանրապետության 6 մարզի եւ Երեւանի մոտ 150 համայնքներում` նախատեսելով ապահովել 250 երեխայի վերամիավորումը իրենց ընտանիքներին, կանխարգելով ռիսկային ընտանիքների երեխաների ներգրավումը խնամքի հաստատություններում:
Իսկ Կապանում մեկուկես տարվա ընթացում կատարված համապատասխան աշխատանքների շնորհիվ 21 երեխա Կապանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից արդեն հետ է վերադրձվել կենսաբանական ընտանիք եւ կանխարգելվել է 45-ից ավելի երեխաների մուտքը դեպի հաստատություն:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ