Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Հրանտ Գեւորգյան. «Բոլոր 4 վկաներն անհիմն կերպով գտնվել են «պաշտպանական միջոցի» ճնշման տակ»

Հունիս 05,2012 22:30

Լեյտենանտ  Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 5-ի նիստը  կարծես հայոց լեզվի քննություն ուներ: Վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, ամբաստանյալ զինծառայողների պաշտպանները վկայի նախաքննական ցուցմունքներից արտահայտություններ էին մեջբերում, որոնց իմաստը 8-ամյա կրթությամբ Արթուրը չգիտեր: Վկան չէր կարողանում բացատրել ռազմական ոստիկանությունում՝ անազատության  ավելի քան 20 օրվա ընթացքում, տված  իր ցուցմունքներում առկա  «ի չիք», «հորդորել», «զուգորդել», «բնորոշիչ» եւ այլ բառերի իմաստը: Վկան հարցերին պատասխանելիս  մեծ մասամբ ասում էր՝ չգիտեմ:
Ա. Մկրտչյանն  ասաց, որ նախկինում ինքը երկու անգամ սուտ  է խոսել: Առաջինն այն ժամանակ, երբ   գրություն է գրել՝ այնտեղ  նշելով, թե   ամբաստանյալ  3 զինվորների դեմ ինքը  մեղադրական բնույթի ցուցմունքները տվել  է ռազմական ոստիկանությունում քննիչների ճնշման  եւ ծեծի հետեւանքով: Վկայի խոսքերով՝  երկրորդ սուտը  2011թ. դեկտեմբերի 14-ին տված իր   հարցազրույցն է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին:  Այս հարցազրույցում եւս վկան ասել է իր նկատմամբ ռազմական ոստիկանության եւ գործով քննիչի գործադրած սպառնալիքների ու ծեծի մասին: Դատարանում վկան հայտնեց, որ սույն հարցազրույցը տվել է  ամբաստանյալների ծնողների ճնշման տակ: Այդ  հարցազրույցը տեսագրել է նաեւ Հելսինկյան  ընկերակցության լրագրող Արման Վեզիրյանը: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց Արման Վեզիրյանի տեսագրած սույն հարցազրույցը որպես ապացույց կցել քրեական գործին եւ հետազոտել: Իրավապաշտպանի համոզմամբ՝ դրա արդյունքում պարզ կդառնա, որ վկան ազատ, անկաշկանդ ձեւով է տվել այդ հարցազրույցը: Միջնորդությանը   կողմ էին  ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները, իսկ մեղադրողներ Հայկ  Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեցին: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն  իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործով բոլոր 4 վկաները Բերդի ռազմական ոստիկանությունում ցուցմունքներ են տվել՝ տեւական ժամանակ գտնվելով անազատության մեջ, նրանք դատարանում չեն հիշում իրենց նախաքննական ցուցմունքները, բոլոր 4 վկաներն  անհիմն կերպով գտնվել են նրանց նկատմամբ կիրառված  «պաշտպանական միջոցի» ճնշման տակ, եւ որ ներկայումս էլ վկաները  ռազմական ոստիկանության եւ ոստիկանության ճնշման ներքո են: Դատավոր Սամվել Մարդանյանը  բավարարեց տեսաերիզի վերաբերյալ միջնորդությունը: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա հունիսի 6-ին, կհետազոտվի 23 րոպեանոց  այդ  տեսագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930