«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 8-րդ համագումարի իր ելույթում այսպիսի արտահայտություն արեց. «Նրանք, ովքեր խոսում են չմեռնող ճշմարտության մասին, թող իրենք ունենան այդ տղամարդկությունը, պետական ծառայող լինելու բարձր պատիվը եւ բացեն ողջ ճշմարտությունը, թե ինչպես պաշտոնյաները, կուսակցապետերը, շտաբի պետերը փորձեցին մեղսակիցներ գտնել իշխանական դաշտում, ընդդիմադիր դաշտում եւ, որ ամենաահավորն է, ժողովրդական դաշտում: Այո՛, ճշմարտությունը չի մեռնում, բայց եթե ասում ես, ուրեմն «բացիր» նաեւ այդ ճշմարտությունը եւ ժողովրդին հիմարի տեղ մի դիր»:
Քանի որ ԱԺ անդրանիկ նիստում Հովիկ Աբրահամյանը, ընտրվելով ԱԺ նախագահ, ասել էր. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում», Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ նրա՞ն նկատի ունեիք, ասելով՝ ժողովրդին հիմարի տեղ մի դիր: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա վերաբերում է բոլորին, ովքեր այսօր խոսում են ճշմարտության մասին: Այո՛, վերջերս ինքը խոսեց ճշմարտության մասին, բայց ինքը խոսեց մի ամբողջ դասակարգի անունից: Ճշմարտության մասին խոսում է, բայց լավ գիտի իրավիճակը երկրում եւ այն ահավոր հակաքաղաքացիական, հակասահմանադրական մշտագործությունը, որ տեղի է ունենում»:
Մեր հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի նրա ընտրությանը գնալ եւ հարցերը դնել նրա առաջ, որովհետեւ դրանում մեղադրում էին ԱԺ անդրանիկ նիստը բոյկոտողներին, բացի այդ՝ Գուրգեն Արսենյանը, օրինակ, բարձրացրեց ուրիշի փոխարեն քվեարկությունները բացառելու հարցը՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իրեն կոնկրետ ասելիք չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ