Գավառ քաղաքում այսօր կազմակերպվել էր շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված կավճանկարչության մրցույթ, որին մասնակցում էր 5-15 տարեկան 40 երեխա:
Կավճանկարչությունը իրականացնում էր Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնը` թեման Let’s do it ծրագրի «Հայաստանն առանց աղբի» ձեռնարկի շրջանակներում:
Մրցույթն անցկացվեց Գավառի Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում: Մասնակիցների ներկայացրած նկարները գնահատեց ժուրիի 7 հոգանոց կազմը:
Մրցույթի արդյունքում 40 նկարներից ընտրցեց 3 լավագույները, որոնք համապատասխանում էին օրվա խորհրդին եւ թեմային:
Կարդացեք նաև
Վորլդ Վիժն Հայաստան Գավառի Տարածքային զարգացման ծրագրի կողմից կավճանկարչության մասնակիցներին եւ հաղթողներին նվերներ հանձնվեց: Խրախուսական մրցանակները ներառում էին գրենական պիտույքներ, նկարչական ալբոմ եւ կոշիկներ: Հաղթող կավճանկարիչներն արժանացան բնապահպանական հանրագիտարանների, հավաստագրերի:
Հանձնաժողովի անդամների ուշադրությունը գրավեցին մասնակիցների կողմից նկարված արտասվող ծառը, կենդանիների որսն արգելող նկարը, Գավառագետն առանց աղբի, մարդ եւ բնություն կապն ամրապնդող նկարները:
Aravot.am-ի հետ զրույցում Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը կարեւորեց վաղ տարիքում երեխայի մոտ բնություն եւ անհատ կապն ամրապնդող միջոցառումների դերը. «Մանուկ հասակում պետք է երեխան սիրի ու գնահատի շրջակա միջավայրի պահպանությունը»:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ