Երևան – Ամբողջ աշխարհում հունիսի հինգը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր: «Մենք կարող ենք» շարժումն այսօր Երևանում և Հայաստանի այլ մարզերում կազմակերպել էր «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ:
Երևանի մանկական զբոսայգում հավաքված մինչև 12 տարեկան ավելի քան 70 երեխաներ նկարում էին «Հայաստանն առանց աղբի» թեմայով բնապատկերներ:
Օրվա խորհուրդը երեխաներին ներկայացրեցին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Սամվել Բալոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Կարդացեք նաև
Երևանին զուգահեռ, կավճանկարչության տոներ էին կազմակերպվել նաև Հրազդանում, Ալավերդիում, Հաղպատում, Ապարանում, Եղվարդում, Իջևանում և Գավառում:
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան նվերների:
Միջոցառումը անցկացվեց «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում` շարժման մաս կազմող հետևյալ կազմակերպությունների աջակցությամբ՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Երևանի, Ապարանի, Հրազդանի, Իջևանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ, «Տապան» էկո-ակումբ ՀԿ, Հայկական բնապահպանական ցանցը, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, DJ Vakcina (The Laboratory), Կանաչաստան ՀԿ, Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ, Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ, Armyouth.am կայքը, Երիտասարդներ հանուն Ապագայի ՀԿ, Օհանյան քոլեջ և այլն: