Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանը դարձյալ կմնա փոխվարչապե՞տ

Հունիս 05,2012 18:05

Այսօր լրագրողները Գյումրի այցելած տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանից հետաքրքրվեցին, թե նա շարունակելո՞ւ է զբաղեցնել նույն պաշտոնը, որին ի պատասխան պաշտոնյան կարճ կապեց . «Երբ որ որոշումները կլինեն, կհրապարակվեն, դուք էլ կիմանաք»:

Իսկ որ նա հաստատ շարունակելու է պաշտոնավարել, այս հարցում գոնե գյումրեցի լրագրողները կասկած չունեն: Նկատենք, որ կառավարության բոլոր այն անդամները, որոնք պաշտոնափոխ չեն լինելու, որպես կանոն, հերթով այցելում են Գյումրի ու խոսում հենց այս քաղաքում իրականացվող ապագա ծրագրերից: Երկու շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Գյումրի ու ճյուղային արդյունաբերության զարգացման խոստումներ տվեց, այսօր էլ` փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը, անդրադառնալով մայիսի 24-ին կառավարության ընդունած որոշմանը, համաձայն որի մարզերում սոցիալական բնույթի 3-րդ հրատապ ծրագիրն են իրականացնելու, տեղեկացրեց, որ Շիրակի մարզում ծավալները մնացել են անփոփոխ, այսինքն՝ դարձյալ 1 մլրդ. 320 մլն. դրամի գումար է հատկացվելու: Արմեն Գևորգյանն ասաց, որ այդ գումարից մոտ 500 միլիոնը ծախսվելու է Գյումրիում` ասֆալտապատման, բազմաբնակարանային շենքերի տանիքների, կրթական հաստատությունների ընթացիկ վերանորոգման վրա: «Եթե այս տեմպերով Գյումրիում 2-3 տարի գումարներ ծախսենք, ես կարծում եմ, Գյումրիի քաղաքացիների, բնակիչների կյանքը, հարմարավետության առումով բնակվելու, էականորեն կփոխվի , ինչը ես կարծում եմ անշեղորեն իրականացվելու է», -ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Ի դեպ, Արմեն Գևորգյանը չհամաձայնեց կառավարության 4 տարվա գործունեությունը անբավարար գնահատածների հետ : Ըստ նրա, ժողովրդավարական պետությունում ենք ապրում ու կառավարության հասցեին կարող են տարբեր գնահատականներ հնչել, սակայն այս չորս տարվա մեջ կառավարությունը անշեղորեն իրականացրել է պետական բյուջեով նախատեսված ու հաստատված բոլոր ծրագրերը:

Արմեն Գևորգյանի ասելով, այս տարի էլ նախատեսված է աշխատավարձերի ու թոշակների բարձրացում: «Ուրիշ բան, որ այդ նախատեսված հնարավորությունները չեն բավարարում մեր այսօրվա կյանքի ավելի լավ պատկերացումներին՝ ցավոք սրտի», -արդարացավ փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930