Aravot.am-ի հետ զրույցում բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ նորընտիր խորհրդարանից՝ բնապահպանական խնդիրների լուծման առումով առանձնապես սպասելիքներ չունի և մանրամասնեց. «Իմ սպասելիքները կոնկրետ պատգամավորներից են, որոնք նախորդ գումարման խորհրդարանում մշտապես բարձրացրել են բնապահպանական հարցերը: Ուստի իմ հույսերը կապված են միայն անձերի հետ»:
Անդրադառնալով կոնկրետ ԱԺ այն հանձնաժողովի գործունեությանը, որը զբաղվելու է նաև բնապահպանական հարցերով, տիկին Զարաֆյանը թերահավատություն հայտնեց. «Կան կուսակցություններ, որոնք ընդհանրապես հաշվի չեն առնում բնապահպանական խնդիրները: Օրինակ՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը ղեկավարում է այն հանձնաժողովը, որը պիտի զբաղվի բնապահպանական հարցերով: Իհարկե, առաջին տեղը նա գյուղատնտեսությանն է տալիս, բայց քանի որ բնապահպանական հարցերը ևս այդ հանձնաժողովում պիտի քննարկվեն, առաջին հարցը, որ ինձ հետաքրքրում է՝ ընդհանրապես Սամվել Բալասանյանն իր գործունեության ընթացքում զբաղվե°լ է բնապահպանական հարցերով, ինչպե°ս է քվեարկել: Որքան ես գիտեմ, նա ուշադրության կենտրոնում չի ունեցել այդ հարցերը: Ուստի մենք պիտի նրանց ստիպենք, որ այդ հարցերով զբաղվեն, ուզեն թե՝ ոչ: Իսկ դա պետք է անել հասարակական ճնշումով: Եվ կարծում եմ, որ այս գումարման ԱԺ-ի պատգամավորները հանգիստ չեն ապրելու»:
Մեր այն դիտարկմանը, արդյոք հասարակական ճնշումը կարո՞ղ է շատ բան փոխել՝ նկատի ունենալով նաև Փակ շուկայի հետ կատարվածը, տիկին Զարաֆյանը պատասխանեց. «Այդ դեպքում այդքան էլ հասարակական ճնշում չկար: Հասարակական ճնշումը ոչ թե մի քանի ակտիվիստների գործունեությունն է, այլ, որ նրանք իրենց շուրջը կարողանան հավաքել տարբեր մարդկանց, ինչպես եղավ Թռչկանի հարցով և այլն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ