Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան չզսպեց էմոցիաները եւ փորձ արեց մոտենալ ամբաստանյալին

Հունիս 05,2012 16:42

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր շարունակվեց գործազուրկ Տիգրան Հակոբյանի (պաշտպան Գարիկ Մալխասյան) եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի օպեր-լիազոր, փոխգնդապետ Մուրադ Բաղդասարյանի (պաշտպան Սամվել Կոստանյան) նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարան չէին ներկայացել տուժողներ Անահիտ Խաչատրյանը, Սեդա Պողոսյանը, Լեւոն Եգանյանը եւ Գեւորգի Պետրոսյանը:

Գեորգի Պետրոսյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Սաֆարյանը, դատարանին ներկայացրեց թիվ 9 համատիրության տեղեկանքը, համաձայն որի, Գ.Պետրոսյանը գտնվում է քաղաքից դուրս եւ մասնակցելու է փառատոնի: Տուժողը խնդրել էր, որպեսզի հետաձգվի դատական նիստը 15-20 օրով: Նշենք, որ այսօր պիտի հարցաքննվեր Գ.Պետրոսյանը:

Մեղադրող Ա.Նադոյանը միջնորդեց, որպեսզի տուժողին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի դատարանը, իսկ Տիգրան Հակոբյանի պաշտպանի համար տարօրինակ թվաց համատիրության տեղեկանքը՝ փառատոնին բնակչի մասնակցության մասով :«Ո՞վ է նա, երաժիշտ, արտիստ, արվեստագետ» հարցրեց նա: Գ Պետրոսյանի ներկայացուցիչը հստակեցրեց, որ տուժողը երաժիշտ է եւ չի կարող միաժամանակ դատարան գալ, եւ՝ նախապատրաստվել փառատոնին:

Հիշեցնենք, որ Տիգրան Հակոբյանը մեղադրվում է խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, նկարների կոլեկցիոներ Գեորգի Պետրոսյանին, նրա ծանոթ Լեւոն Եգանյանին, հարեւան Սեդա Պողոսյանին, Անահիտ Խաչատրյանին մոլորության մեջ գցելու եւ նրանց գույքին տիրանալու համար:

Միայն Գեորգի Պետրոսյանից նա ստացել է 23 հազար դոլար գումար, խոստանալով, թե ձեռք կբերի ճանաչված հայ եւ ռուս նկարիչների գործերից:

Ոսկերչությամբ զբաղվող Լեւոն Եգանյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել, որ Տիգրան Հակոբյանին տվել է 10 000 դոլար գումար, ապա 6000 դոլարին համարժեք ոսկե զարդեր, որպեսզի նա Թուրքիայից պատվերների համար պայմանավորվածություններ ձեռք բերի:

Դատարանը փոխեց ապացույցների հետազոտման կարգը: Որպեսզի դատական նիստը չհետաձգվի՝ որոշվեց լսել վկաներին:

Դատարան էր ներկայացել վկա Վալյա Հունանյանը: Նա ճանաչել է իր հարեւան Տիգրանին, որը մի քանի անգամ իրենից մինչեւ 500 դոլարի չափով գումար է վերցրել իր ընկերոջը՝ «շեստոյի Մուրադին» տալու համար: Այն վերադարձրել է ժամանակին:

Վկան ասաց, որ իր տղայի մահվանից հետո հարսը մի տարածքի սեփականաշնորհման հարցով Տիգրանի հետ է խորհրդակցել: Առաջարկողը եղել է Տիգրանը, թե կօգնի սեփականաշնորհել նշված տարածքը: Սակայն, երբ հարսին ուղարկել է երեք անգամ կադաստր, որպեսզի իմանա, ինչ եղավ այդ հարցը, պարզվել է, որ Տիգրանը ստել է:

Վկան հայտնեց, որ տղան եղել է ոստիկանության աշխատակից եւ նրա մահվանից հետո ոստիկանությունը 1 մլն. 400 000 դրամ գումար էր տրամադրել իր ընտանքին: Սակայն Տիգրանը խաբեությամբ իրենցից ստացել է 2500 դոլար գումար՝ տարածքի հարցը լուծելու համար:Տղան գերեզմանաքար էլ չունի:

Վկան հաճախ չէր զսպում իր էմոցիաները, նա անգամ դատարանում փորձեց մոտենալ Տիգրանին, ասելով. «Ուզում եմ խփեմ, սիրտս հովանա, տղայիս փոխարեն դու պիտի մեռնեիր»:

Այս պատմության մեջ երկու անգամ հնչեց Մուրադի անունը.նախ, որ Տիգրանը ամեն անգամ պարտք վերցնելիս, հայտնել է, թե Մուրադի համար է, եւ երկրորդ, երբ վկան գնացել էր Մուրադ Բաղդասարյանի մոտ՝ ԿՀԴՊ վարչություն, որպեսզի ասեր, թե Տիգրանը խաբում է իրեն ու հարսին, նշելով՝ թե Մուրադի մոտ է կադաստրի գումարը, եւ նա տեղյակ է կատարվածից:

Վկան ասաց.«Էդ ընթացքում պիտի Տիգրանի գլուխը ջարդեի, որ Մուրադի գլխին սարքում է»:

Ի դեպ, նկատենք, որ դատաքննության ժամանակ տուժողները հիմնականում դժգոհում են եւ չեն թաքցնում իրենց զգացմունքները, երբ խոսքը գնում է Տիգրան Հակոբյանի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930