Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Հովարդ Բերմանը երեկ հայտարարություններով են հանդես եկել, դատապարտելով նույն օրը տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը Հայաստանի դեմ, որի հետեւանքով երեք հայ զինծառայող է զոհվել, կան վիրավորներ։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հայամետ կոնգրեսականները այս օրերին տարածաշրջան այցելող ԱՄՆ-ի պետքարտուղարին հորդորել են հանդես գալ ադրբեջանական ագրեսիայի հստակ եւ միանշանակ դատապարտմամբ, մտահոգություն են հայտնել Ալիեւի ռեժիմին ամերիկյան զենքի վաճառքի նախապատրաստվող գործարքների առնչությամբ, կոչ են արել ուժեղացնել Ադրբեջանին Միացյալ Նահանգների օժանդակության` թիվ 907 ուղղմամբ նախատեսված սահմանափակումները։
Ամերիկացի օրենսդիրները նաեւ իրենց ցավակցություններն են փոխանցել զոհվածների ընտանիքներին։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, իր հերթին, հունիսի 4-ի առավոտյան շտապ նամակ է հղել` պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ անելով խստորեն դատապարտել իր կովկասյան այցի օրերին ադրբեջանական կողմի ձեռնարկած «լկտի հարձակումը»։
«Ազատություն» ռադիոկայան