Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները գործադուլ են անում՝ ի նշան բողոքի Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող «անթույլատրելի գործելակերպի դեմ»

Հունիս 05,2012 16:26

ՀՀ փաստաբանների պալատի կայքէջի համաձայն՝ հունիսի 11-ին  հայտարարվում է փաստաբանների մեկօրյա գործադուլի օր: Այդ օրը փաստաբանները հավաքվելու են դահլիճում  և լրագրողների ներկայությամբ ներկայացնելու իրենց պահանջները:  Արդեն մոտ 100 փաստաբաններ միացել են հրապարակվելիք հայտարարությանը, որն ուղղված է վճռաբեկ դատարանի դատավորներին. «Մենք` սույն հայտարարությանը միացած փաստաբաններս, ի նշան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական մեր վերաբերմունքի, որոշել ենք իրականացնել մեկօրյա գործադուլ: Գիտակցելով, որ գործադուլը հանդիսանում է մեր բողոքի դրսևորման ամենածայրահեղ ձևերից մեկը, այնուամենայնիվ որոշել ենք դիմել այս ծայրահեղ միջոցին, նկատի ունենալով, որ մինչև այժմ մեր կողմից ձեռնարկված տարաբնույթ միջոցները (բողոքներ տարբեր մարմիններին, ցույց, հրապարակումներ ՋՄ-ներում և այլն) ոչ միայն չեն շտկել իրավիճակը, այլ` պարզապես անտեսվել են:

Սույնով կցանկանայինք պարզաբանել, թե որ խնդիրներն են դրդել մեզ այս ծայրահեղ քայլին: Հայտնի է, որ դեռևս 2007 թվականից` ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված նոր լիազորություններն իրականացնելու նպատակով, ՀՀ դատական օրենսգրքում, դատավարական օրենսգրքերում սահմանվեցին վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Սկսած այդ պահից և մինչև օրս Վճռաբեկ դատարանը, օգտվելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, բազմիցս կամայականություն է դրսևորել այդ օրենքը կիրառելիս, որի արդյունքում մինչև այժմ մեզ հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը լիներ պատճառաբանված: Հայտնի են վճռաբեկ բողոքները վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխանող մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Նույնիսկ եթե բացառենք վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու փուլում կոռուպցիոն երևույթների առկայության վարկածը, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները առնվազն չեն փարատում այն անձանց կասկածները, ովքեր հակված են մտածելու, որ այդ երկակի մոտեցումների հիմքում կոռուպցիան է:

Մենք` փաստաբաններս դեռ լավ ենք հիշում, որ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահը, իր պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց ՀՀ փաստաբանների պալատում հանդիպում ունեցավ փաստաբանների հետ, որի ընթացքում` որպես իր առաջնահերթ քայլերից մեկը հայտարարեց վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու այդ արատավոր պրակտիկայի վերացումը: Այդ հանդիպման ընթացքում պարոն Մկրտումյանն ընդունեց այն ամենը, ինչ նշված է վերևում և խոստացավ ամենակարճ ժամանակամիջոցում արմատապես փոխել Վճռաբեկ դատարանի մոտեցումները: Նշված խոսակցությունից անցել է մոտ չորս տարի, սակայն ոչինչ չի փոխվել: Ինչը հիմք է տալիս մեզ մտածելու, որ` թեև խնդրի լրջությունն ընդունվում է ամենաբարձր մակարդակով, սակայն գոյություն չունի այն լուծելու ցանկություն կամ` կամք:

Մեկ այլ լրջագույն խնդիր է հանդիսանում այն, որ Վճռաբեկ դատարանը, Սահմանադրությամբ կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, հենց ինքն է հաճախ անտեսում իր իսկ կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները, իսկ երբեմն կայացնում իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչու՞ է շեղվում սեփական նախադեպերից:

Վճռաբեկ դատարանի նման գործունեությունը ստեղծել ու ստեղծում է կատարյալ իրավական անորոշություն, այսինքն` չի ծառայում այն նպատակներին, որոնց համար անձինք դիմում են այդ ատյանի պաշտպանությանը: Որևէ գործով վճռաբեկ բողոք կազմելիս մենք չենք կարող գոնե մոտավորապես պատկերացնել, թե ի՞նչ ընթացք այն կարող է ստանալ, ինչը մեր վստահորդների մոտ անվստահություն է առաջացնում մեր մասնագիտական կարողությունների հանդեպ:

Մեր փորձից ելնելով կարող ենք հավաստել, որ Վճռաբեկ դատարանի ներկայիս գործելակերպը, այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը և անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի մասին:

Ավելին, հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի, ինչպես նաև` առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններում տիրող անընդունելի վիճակի, դատավարական բոլոր փուլերում հետզհետե սաստկացող համատարած խախտումների համար պատասխանատվությունը, մեր համոզմամբ, նույնպես կրում է Վճռաբեկ դատարանը: Դատական համակարգի օրեցօր խորացող ճգնաժամը հետևանք է Վճռաբեկ դատարանի վերը նշված գործելակերպի:

Այս մեկօրյա գործադուլի նպատակն է` դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Հուսով ենք, որ այս կարճատև բողոքի դրսևորումը բավարար կլինի, որպեսզի դատական համակարգը գիտակցի խնդրի լրջությունը և լուծումներ փնտրելու հրատապությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930