Նոր խորհրդարանի առաջին նիստը բոյկոտած երկու ընդդիմադիր խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու «Ժառանգություն»-ը, երեքշաբթի օրը առաջին դռնփակ նիստերն անցկացրեցին Ազգային ժողովում:
ՀԱԿ-ը քննարկեց եւ որոշեց, որ կհրաժարվի Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնից:
«Կոնգրեսը որոշել է, որ փոխնախագահի տեղ իրեն հարկավոր չէ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե կա՞ ընդդիմադիր խմբակցություն, որի հետ ՀԱԿ-ը պատկերացնում է համագործակցությունը, Փաշինյանը պատասխանեց. – «Սխալ եմ համարում Ազգային ժողով գալը` նախապես ասելով, թե ում հետ կհամագործակցես, ում հետ` չես համագործակցի: Մենք պատգամավորական, նաեւ քաղաքական գործունեություն ենք ծավալելու, օրենսդրական նախաձեռնություններ ենք ունենալու, եթե որեւէ մեկը միանա այդ օրենսդարական նախաձեռնությանը, հասկանալիորեն ոչ մեկը դեմ չի լինի»:
Կարդացեք նաև
Թեեւ ՀԱԿ-ը հրաժարվում է հանձնաժողովի փոխնախագահի իրեն հասանելիք պաշտոնից, սակայն հանձնաժողովների աշխատանքներին կմասնակցի: ՀԱԿ-ը խորհրդարանում յոթ պատգամավոր ունի. քանի որ հանձանժողովների թիվը ավելի մեծ է ՀԱԿ պատգամավորների թվից, ընդդիմադիր խմբակցության յուրաքանչյուր անդամ, Փաշինյանի խոսքով, երկուական հանձնաժողովում կաշխատի: Թե ով որ հանձնաժողովում կաշխատի, դեռ քննարկում են:
Գագիկ Ջհանգիրյանը կողմնորոշվել է, նա ցանկանում է աշխատել պետաիրավական հարցերի, իսկ Լյուդմիլա Սարգսյանը` սոցիալական հարցերի հանձնաժողովում:
Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան