Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Հովհաննիսյան. «Խորանի» ղեկավարն առաջարկել է պայքարել թալանիչների դեմ եւ միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Հունիս 05,2012 16:03

«Ազդակ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Միացյալ երիտասարդական լիգա» (ՄԵԼ) շարժման նախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Կարապետ քահանա Կարապետյանը, ովքեր խոսեցին «Խորանի» ղեկավարի նոր նամակից եւ աղանդի գործունեությունից:

Ս. Հովհաննիսյանը նշեց, որ ՄԵԼ-ին են դիմել Արտաշատի բնակիչներ, «Խորանի» անդամ Լուսինե Սարդարյանի նախկին սկեսուրն ու սկեսրայրը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում կազմակերպվելիք ասուլիսում բարձրաձայնել «Խորանի» հետեւանքով իրենց կրած ֆիզիկական եւ բարոյական վնասների մասին. «Ընտանիքն ասել է, որ խաբեությամբ իրենցից ոսկեղեն են վերցրել: Ներկայումս նրանց որդին՝ Ժորան, Իսպանիայում ազատազրկման մեջ է, քանի որ «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանի դրդմամբ նրա կինը՝ Լուսինե Սարդարյանը, կեղծ ցուցմունք է տվել ամուսնու դեմ՝ նրան մեղադրելով բռնության մեջ: Լուսինեն եւ Ժորան բաժանվել են, իսկ ընտանիքն ասում է, որ նրանց անչափահաս երեխաներին Լուսինեն ծեծելով տանում է «Խորանի» հավաքներին»:

Ս. Հովհաննիսյանը հավելեց, որ Լ. Սարդարյանը վերջերս սպառնացել է ինչ-ինչ փաստաթղթերով Սեւակին խայտառակ անել. «Առաջարկել է փախնել ուրիշ երկիր, որ վտանգից ազատվեմ: Նա Հայաստանը պիղծ երկիր է անվանում»:

Հովհաննիսյանը նաեւ նամակ է ստացել Հրաչիկ Խաչատրյան անունով օգտատիրոջ էլեկտրոնային հասցեից, որում «Խորանի» ղեկավարն առաջարկել է համագործակցել իրենց հետ, իսկ ծախսերը վերցնել իր վրա:

Ըստ Սեւակի, նամակում ասված է. «Պայքարենք նախագահի դեմ, նրա եղբայր Սաշիկի դեմ, որոնք թալանում են երկիրը եւ շռայլում Եվրոպայի կազինոներում, – ըստ Սեւակի՝ ասված է նամակում:- Ինչու չէ, միանանք ընդդիմության Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես պատրաստ եմ համագործակցել եւ պայքարել ձեզ հետ»:

Սեւակ Հովհաննիսյանը հավելեց, որ նամակի առնչությամբ դիմելու են համապատասխան մարմիններին: Խնդրի շուրջ տեր Կարապետը նշեց, որ պատկան մարմինները լրջորեն պետք է զբաղվեն դրանով, որպեսզի եւ «Խորանը», եւ մյուս աղանդները ենթարկվեն պատասխանատվության. «Խորանը», ինչպես եւ մյուս աղանդները, նպատակ են հետապնդում հայորդուն հեռացնել եկեղեցուց: Հայաստանը զանազան կրոնական կազմակերպությունների թատերաբեմ է դարձել, ինչը խարխլում է պետության հիմքերը: Հայ առաքելական եկեղեցին շարունակում է կրկնել, որ աղանդները սպառնում են ազգային անվտանգությանը: Վարդանանց պատերազմի ժամանակ մեզ ուզում էին հրով ու սրով վերացնել, իսկ հիմա աղանդները սրի փոխարեն Սուրբ Գիրքն են վերցրել ձեռքները՝ փորձելով նույնն անել»:

Հոգեւորականը հավելեց, որ կրոնական կազմակերպություններին գրանցելու օրենքը պետք է խստացվի. «Պետությունն օրենսդրությամբ պետք է պայքարի, իսկ մեզանում նույնիսկ կրոնական ոստիկաններ չկան: Բացի այդ, ինչո՞ւ են մարդու իրավունքների պաշտպանները լռում, երբ աղանդները խախտում են մարդու իրավունքները, ասենք՝ դուռը թակելով եւ բնակիչների անդորրը խանգարելով: Բայց երբ փորձ է արվում աղանդների իրավունքները սահմանափակել, մարդու իրավունքների պաշտպանները սնկի պես բուսնում են ու պաշտպանում նրանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

«Խորան», «Միացյալ երիտասարդական լիգա», Սեւակ Հովհաննիսյան, տեր Կարապետ քահանա Կարապետյան, աղանդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930