Երեկ բուսաբաններ Էլեոնորա Գաբրիելյանը եւ Գոհար Օհանեսովան (վերջինս Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչներից է), հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Բուսաբանները մտահոգություն են հայտնել շինարարության ընթացքում հատված ծառերի առնչությամբ եւ քաղաքապետին հորդորել դադարեցնել Նալբանդյան 106/1-ի բակում բազմաբնակարան շենք կառուցելու շինարարությունը: Քաղաքապետն, ըստ բուսաբանների զարմացել է՝ տեսնելով հատված ծառերի լուսանկարները, բայց ասել է, որ ծառերի մի մասն, ըստ եզրակացության, պետք է տեղափոխվեն եւ ուրիշ տեղ տնկվեն: Սակայն բուսաբանները կարծում են, որ օրինակ` գիհի ծառատեսակը, որի արմատները շատ խորն են գնում, դժվար թե արմատախիլ անելուց հետո պիտանի լինի:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը բնակիչներին հայտնել է, որ շինարարության ընթացքում պետք է 12 ծառ կտրվի, որոնց մի մասը չորացած է, մնացածներն էլ` տեղափոխվեն:
Բուսաբանների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Սարգսյանը խոստացել է, որ շենքը լինելու է 7 հարկանի` բաղկացած 2 մուտքից, իսկ շենքի շրջակայքն էլ կանաչապատվելու է: Բայց Հյուսիսային պողոտայի օրինակը աչքի առաջ ունենալով, Նալբանդյան 106/1 տարածքի բնակիչները չեն հավատում ճարտարապետի խոստումներին: Այդ է պատճառը, որ բնակիչները հարց են բարձրացնում, որպեսզի ընդհանրապես այդ հատվածում շենք չկառուցվի:
Բուսաբանները նաեւ անհանգստացած էին հարակից շենքերի հին` ոչ սեյսմակայուն լինելով, ինչին ավելի կխթանի նոր կառուցվող շենքի շինարարությունը. «Ավագ Պետրոսյան եւ Թումանյան հասցեների շենքերը, որոնք կառուցված են 1930- ականներին, սեյսմակայուն չեն, եւ 3 բալանոց երկրաշարժից անգամ ուժեղ ցնցվում են: Եթե լինի ուժեղ երկրաշարժ, իսկ ուժեղ երկրաշարժ լինելու է, քանի որ Սպիտակի երկրաշարժից հետո լարվածությունը դեռ չի թուլացել, հատկապես, որ Թուրքիայում էլ հիմա երկրաշարժերն ակտիվ են, այդ բոլոր շենքերն ուղղակի կփլվեն»:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսների, քաղաքապետը նաեւ խոստացել է նորից փորձաքննություն անցկացնել այդ հատվածում`եւս մեկ անգամ ստորգետնյա գրունտային ջրերի խորությունը որոշելու համար:
Բնապահպան կանանց տվյալներով տարածքում եղել են Լորենու, կովկասյան խուրմայի, պոպոքի, հացենու եւ այլ տեսակի ծառեր: Տիկին Գոհարն իր բնակարանի 4-րդ հարկից լուսանկարել էր հատված ծառերի կտորները եւ որպես ապացույց մեկ-մեկ ցույց տվել քաղաքապետին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ