ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը այն կարծիքին է, որ ԱԺ ընտրություններում ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազման պատճառներից մեկն էլ իշխանությանն ուղղված քննադատությունն ու վիրավորանքներն էին: «Մեր ժողովրդի ներսում դժգոհությունները շատ- շատ են : Նրանք մտածեցին, որ եթե այդ դժգոհությունները հրահրեն , առավել եւս, որ դրանց շուրջ պտտվի իրենց ամբողջ խոսակցություններն ու քարոզարշավը, ժողովուրդն իրենց ավելի շատ ձայն կտա, այդպես չեղավ՝ ճիշտ հակառակը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:
Նրա խոսքերով, առաջիկա նախագահական ընտրություններում ՀՌԱԿ-ը իր թեկնածուին չի պատրաստվում առաջադրել, բայց կուսակցություններից որեւէ մեկի թեկնածուին հաստատ սատարելու են: Այս մասին կուսակցությունը դեռ վաղ է համարում խոսել, իսկ ատենապետի համակրանքը առայժմ ուղղված է դեպի գործող նախագահ Սերժ Սարգսյանը. «Պաշտոնապես ոչ մեկը չկան, եթե չհաշվենք Վարդան Օսկանյանի հավակնությունները, մամուլում եմ կարդացել, ինքը բան չի ասել: Այս բոլորի մեջ, իհարկե, գնում է դեպի գործող նախագահը, բայց սա իմ անձնական տեսակետն է, թե հետո վարչությունը, համագումարը ինչ կորոշի, դա ուրիշ հարց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ