Հայաստանի ռամկավար ազատական եւ Արմենական- ՌԱԿ կուսակցությունները սկսել են ներքին կազմակերպչական աշխատանքներ: Այսօր այս մասին «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը.«Կուսակցությունը 2003-ից հետո չի մասնակցել համապետական ընտրությունների եւ մյուս կողմից կան բազմաթիվ կառույցներ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվել, նրանք կապ չեն ունեցել վարչությունների հետ: Հիմա, քանի որ, 2 տարբեր կառույցներ միավորվել են, ուրեմն պետք է տեղերում ահագին աշխատանք անենք՝ կառույցները պետք է վերստեղծենք»: Պարոն Ավետիքյանի խոսքերով, նաեւ կուսակցության գրասենյակներ ստեղծելու խնդիր ունեն, որովհետեւ 6 սեփական գրասենյակներից 5-ը վաճառվել են:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Սփյուռքի ռամկավար ազատական կուսակցությունների հարաբերություններին, պարոն Ավետիքյանն ասաց, որ դրանք նույն կուսակցություններն են. «Բայց աշխարհագրական տարբեր դիրքերում: Հայաստանի ՀՌԱԿ-ը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցության կողմից, բայց այլ խոսք, որ պետք է համագործակցենք: Ավելին ասեմ՝ Սփյուռքում մեր կուսակցության բազմաթիվ կառույցներ գտնում են, որ ժամանակը հասել է, որ իրենք ղեկավարվեն Հայաստանից, այսինքն կենտրոնական վարչությունը լինի Հայաստանում»:
Այս տարիներին ունեցած կորուստներին անդրադառնալով, պարոն Ավետիքյանը շեշտեց հատկապես իրենց կուսակցականների՝ այլ կուսակցություններ ընդգրկվելու հանգամանքը. «Թվային իմաստով այս պահին չենք կարող ասել, որովհետեւ կազմակերպչական գործեր ու անդամության ցուցակները ճշտելու խնդիր ունենք: Նայում ենք՝ վերականգնել բարոյական կապիտալը: Ես ու իմ ընկերները հավատում ենք, որ Հայաստանում մեծ կուսակցությունը՝ էն , որ ասում են 300 000 անոց եւ այլն, անիմաստ է , աբսուրդ է… դրանք մակերեսային կուսակցականներ են» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ