Հունիսի 5-Ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Նիստը սկսվելուց առաջ «Բանակն իրականում» շարժման ակտիվիստները դատարանի շենքի առաջ արդար դատաքննության, արտագնա նիստերը Երեւանում անցկացնելու պահանջներով պաստառներ էին պարզել: Շարժման ակտիվիստների հետ երկու արտասահմանցի, հավանաբար` ամերիկացի, իրավաբաններ կային:
Նիստի ընթացքում շարունակվեց գործով վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը: Վկան ցուցմունքներ էր տալիս ցածր ձայնով, մի տեսակ կաշկանդված, խոսելիս չէր համարձակվում նայել ամբաստանյալների , նրանց պաշտպանների, տուժողի իրավահաջորդի աչքերին: Նա պատասխանելով հարցերին` ասաց, որ Արտակ Նազարյանը հանգիստ անձնավորություն էր, երբեմն սիրում էր առանձնանալ: Ա. Մկրտչյանի խոսքերով` Արտակի եւ ամբաստանյալ 3 զինվորների միջեւ կատակով, երբեմն էլ` լուրջ միջադեպեր են եղել, նաեւ կարծիք հայտնեց, որ դա չէր կարող Արտակ Նազարյանին ինքնասպանության մղել:
Ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը հարցրեց, թե ինչ է նշանակում նրա ցուցմունքի մեջ գրված «նսեմացնել» բառը: Վկան վարանելով ասաց, որ դա միայնություն է նշանակում: Արթուր Մկրտչյանն ասաց, որ թեեւ ցուցմունքը գրված է իր ձեռքով, սակայն որոշ բառեր ինքը քննիչի ասելով է ավելացրել:
Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ եթե վկան դեպքից հետո ավելի լավ հիշողություն է ունեցել, ինչո՞ւ Արտակ Նազարյանի մահվանից 8 ամիս հետո է հիշել իր պաշտպանյալի եւ Արտակ Նազարյանի միջեւ եղած միջադեպի մասին:
Կարդացեք նաև
Դատական նիստը կշարունակվի ընդմիջումից հետո:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ