Այսօր «Մեդիամաքսի» գրասենյակում տեղի ունեցած ասուլիսին քննարկվեց Գյումրիի թիվ 6 դպրոցի վերակառուցման ծրագրիրը եւ ցուցադրվեց 2 ֆիլմ` Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասնակցությամբ:
Հայռուսգազարդի հովանավորությամբ թողարկված DVD-ի սկավառակի վրա ներկայացված էին՝ «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» եւ «Տան պատկերները»: Վերջին ֆիլմը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգևոր կապի մասին: Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին` ներկայացնելով իր փիլիսոփայական խոհերը:
Հայաստան կատարած այցի ընթացքում, Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որն առ այսօր տեղակայված է երկաթե տնակներում, եւ չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում է տաղանդավոր երեխաներ: Երեխաների կատարումը անտարբեր չթողեց երաժիշտներին և նրանք համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, «Մեդիամաքսը», ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:
«Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման երազանքը մոտ է իրականություն դառնալուն»,-նշում է «Մեդիամաքս» ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը՝ հավելելով,- ծրագրի շուրջ խմբվել են շատ մարդիկ և բոլորի միասնության շնորհիվ շուտով տոնելու բան կունենանք»:
Կարդացեք նաև
Մի առիթով Իէն Գիլանը այս դպրոցն անվանել է «մեծ խորհրդանիշ»: «Անչափ ուրախ եմ այս յուրահատուկ նախագծում ներգրավված լինելու համար` այն չափազանց թանկ է ինձ համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ է նոր դպրոցում երաժշտություն հնչելու»,- ասել է Իէն Գիլանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ