Վերջերս Սյունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտից բավականին մեծ վնասներ են կրել Կապանի, Մեղրու եւ Գորիսի տարածաշրջանների գյուղերը: Մարզում ստեղծված հանձնաժողովը եղել է տուժած գյուղերում, հաշվարկել գյուղատնտեսությանը հասցրած վնասներն ու ուղարկել գյուղնախարարություն: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` միայն Գորիսի տարածաշրջանի գյուղերին հասցրած վնասը հասնում է մոտ 200 մլն դրամի: «Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր գյուղի 560 հա աշնանացանի ցանքսն ամբողջությամբ (100%) վնասվել է, մասնակիորեն` 130 հա չափով, վնասվել են նաեւ Խնածախ գյուղի ցանքսերը, 30 տոկոսի վնաս է հաշվարկվել նաեւ Գորիսի Տեղ, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ եւ Խնձորեսկ գյուղերում: Գյուղացին 1 հա ցանքսի վրա 150 հազար դրամի ծախս է արել ու ոչ մի եկամուտ չի ստացել: Մենք տուժած գյուղերին հատուկ ուշադրություն ենք դարձնելու, մարզ ներկրված շուկայականից էժան դիզվառելիքից, ազոտական պարարտանյութից ենք հատկացնելու, եթե համայնքը դրա կարիքն ունենա, ինչպես նաեւ սերմանյութ` ետ վերադարձնելու նախապայմանով», – ասում է գյուղվարչության պետը:
Սակայն մասնագետները դժվարանում են ասել՝ առանց բերքի մնացած ու այդքան չարչարանքի արդյունքից զրկված գյուղացիները փոխհատուցում կստանա՞ն, թե՞ ոչ: Քիչ չեն նաեւ վնասները Կապանի տարածաշրջանի գյուղերում: Կապանում կարկուտը վնասել է հիմնականում պտղատու ծառերին ու բանջարաբոստանային կուլտուրաներին` լոբու, կարտոֆիլի եւ այլ բանջարեղենների ցանքսերին: 200 հա չափով էլ աշնանացան ցորենի ցանքսն է վնասվել: Հատկապես տուժել են Նորաշենիկ, Վերին եւ Ներքին Խոտանաններ, հարեւան եւ Կապանի մի քանի այլ գյուղերը: Մասնագետների հաշվարկով Կապանի տարածաշրջանի գյուղերի կրած վնասը կազմում է 40-50 տոկոս:
«Սիսիանի տարածաշրջանը թեեւ չի տուժել կարկուտից ու ուժեղ անձրեւներից, բայց դաշտերը վնասվել են, եւ բերքը փչացել է աշնան անբարենպաստ եղանակից` չորային էր, հետո էլ ձյան պատճառով բերքատվության կորուստ եղավ: Կարկուտից տուժել են նաեւ Մեղրու գյուղերը, հիմնականում պտղատու ծառերին է վնաս հասցվել` 20-30 տոոկսի չափով», – «Առավոտին» փոխանցում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ