«Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմայով հրավիրված «կլոր սեղանին» մասնակցում էին հայ եւ թուրք մասնագետներ, որոնք անդրադարձան հայկական եւ թուրքական մամուլում լրատվամիջոցների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանմանը: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը ներկայացնելով անցկացրած մոնիտորինգի արդյունքները, որի համար ընտրվել է 3 հեռուստաընկերություն` «Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն», եւ 3 օրաթերթ՝ «Առավոտ», «Ժամանակ», «Ազգ», նշեց. « Մոնիտորինգը ցույց է տալիս, որ անկախ նրանից գործընթաց կա, թե ոչ, եւ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում, Թուրքիան շարունակում է որոշակի տեղ ունենալ հայկական լրատվամիջոցներում: Սա մի ակնհայտ իրողություն է: Իսկ Թուրքիայի լրատվամիջոցներում Հայաստանը հայտնվում է այն դեպքում, երբ հարցը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին»:
Զոլյանի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ՝ հիմնականում չեզոք նյութեր են եղել, բացասականը՝ քիչ, մոտ 10 տոկոս, ինչն այնքան էլ շատ չէ: Նշվեց նաեւ, որ ամբողջովին դրական նյութեր թուրքերի ու Թուրքիայի մասին դիտարկված լրատվամիջոցներում չեն եղել:
«Ամենալուսաբանվող թեման շարունակում է մնալ միջպետական հարաբերությունները, հետաքրքրություն կա նաեւ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- ասաց Զոլյանը՝ ավելացնելով, որ դիտարկված լրատվամիջոցները շարունակում են օգտվել աղբյուրներից՝ ուղղակի հիմնվելով միմյանց վրա, կամ օգտվել են 3-րդ կողմից, իսկ կոնկրետ աղբյուրներ քիչ է նշվել ու այս առումով նույն պատկերը նաեւ թուրքական լրատվամիջոցներում է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև