Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Շահագործվող կարուսելներն անվտանգ են

Հունիս 05,2012 14:08

Եղանակի տաքանալուն պես ակտիվանում է զբոսայգիներում տեղադրված ատրակցիոնների,կարուսելների շահագործումը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վստահեցնում է` ներկայումս Երեւանի տարբեր հատվածներում գործող ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն եւ անվտանգ են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը: Նրա խոսքերով` տեխնիկական անվտանգության ռեեստրում գրանցված են թվով 114 կարուսելներ ամբողջ հանրապետության տարածքում, որոնցից 78 ը` Երեւանում: Ըստ տնօրենի տեղակալի, այս տարի պայմանագրեր են կնքվել 93 ընկերությունների հետ , որոնցից 53-ը՝ Երեւանում. սրանք արդեն իսկ փորձաքննված են եւ  ունեն դրական եզրակացություն,  իսկ  23-ը ընթացքի մեջ են. «Փորձաքննության փուլն ավարտված է, տրվել են համապատասխան միջոցառումների ծրագրեր, թերությունները կվերացվեն եւ դրական եզրակացություն ստանալուց հետո` կշահագործվեն»:

Նույն կենտրոնի կարուսելների գծով փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի ներկայացմամբ էլ, եթե կարուսելները ժանգոտած են, դա չի նշանակում, որ շահագործման ենթակա չեն կամ էլ ժամկետն անցել է. «Խոսքը 25-30 տարվա մասին է: Մենք նաեւ լաբորատոր ուլտրաձայնային ռադիոսկոպիկ մեթոդներով չքայքայվող վերահսկողություն ենք իրականացնում: Անցալ տարի «Մանումենտի» այգում «Սատանայի անիվ» կարուսելը հարկ եղավ նման կերպ ստուգել, որի ընթացքում անվտանգության հանգույցների մետաղների, դրանց կարերի վիճակը ստուգվեց եւ պարզվեց, որ որքան էլ տարիքը մեծ է, մետաղը հոգնած չէ: Իսկ եթե մետաղը հոգնած չէ, կարուսելն ավել կծառայի, քան մենք պատկերացնում ենք»: Իսկ կարուսելների ժանգոտելը, ըստ փորձագետի, ընդամենը անձրեւների արդյունքում է լինում: Տիկին Հովհաննիսյանն էլ հավատացրեց, որ այն կարուսելները, որոնք շահագործվում են այժմ, կյանքին վտանգ չեն սպառնում, քանի որ ունեն դրական եզրակացություն. «Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվեն տեխնոծին թերություններ եւ սպառնալիք են ներկայացնում, փորձագետն իր գլխից ձեռք չի քաշել, դրական եզրակացություն չի տա»: Փորձագետի խոսքերով` կարուսելները գրեթե տարին 2 անգամ փորձաքննություն են անցնում:

Խոսելով մոտ 2 տարի առաջ Հաղթանակի զբոսայգու կարուսելների  դժբախտ պատահարի մասին, մասնագետները հավաստիացրին, որ այս տարիների ընթացքում դա միակ դեպքն է եղել:

Մասնագետները վստահեցրին նաեւ, որ բոլոր կարուսելների մոտ փակցված է եզրակացության վերաբերյալ փաստաթուղթ, եւ եթե փաստաթուղթ չկա փակցված, ուրեմն փորձաքննություն չի անցել եւ շահագործելու իրավունք չունեն: Հետեւաբար կարուսելներից օգտվողներին խորհուրդ տվեցին` կարուսել նստելուց առաջ կարդալ անվտանգության կանոններն ու ստուգել՝ կա՞, արդյոք, դրական եզրակացություն:

Իսկ դժբախտ պատահարների դեպքում, եթե մարդու կյանքին վնաս է հասցվել, եւ եթե պարզվի, որ տվյալ կառույցի փորձագետն է մեղավոր, այլ ոչ թե քաղաքացին անվտանգության կանոններին չի հետեւել, ապա պատիժ է սահմանված 500 հազար դրամից մինչեւ քրեական պատասխանատվություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930