Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ուսանող վարձի պատճառով չի զրկվել սովորելուց»

Հունիս 05,2012 14:03

Հավաստիացնում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը

ԿԳ նախարարության պաշտոնական edu.am-ում տեղադրված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծության» հիմնական առաջարկներից մեկն այն էր, որ բարեփոխումների համար success story կարող է հանդիսանալ Ֆրանսիական համալսարանը: Այս թեմայով զրուցեցինք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանի հետ:

– Հետազոտությունից անցել է շուրջ մեկ տարի, ի՞նչ հաջողություններ է արձանագրել բուհը եւ ո՞րն է Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական կառավարման ներդրումը այդ հաջողության մեջ:

– Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործակիցն անցած տարվա համեմատ ավելի է բարելավվել: Ըստ նրանց շրջանում ապրիլին իրականացված հարցման, 931 շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ներկայումս աշխատում է Հայաստանում՝ մասնագիտությանը բնորոշ աշխատատեղերում: Հաջողության գրավականներից է բուհի վարչաֆինանսական կառավարման հիմնական սկզբունքը՝ լավագույն պայմաններ ստեղծել դասավանդման եւ ուսումնառության ու կրթության որակի անընդհատ բարելավման համար: Մեր համալսարանն ի սկզբանե կիրառում է կրթության կազմակերպման եւ ֆինանսական կառավարման նորարարական մոտեցումներ: Օրինակ՝ այն փաստը, որ մենք ունենք զգալի քանակությամբ հրավիրված դասախոսներ, թույլ է տալիս լրիվ դրույքի փոխարեն կիրառել ժամավարձի սկզբունքը եւ ավելի արդյունավետորեն օգտագործել ֆինանսական ռեսուրսները:

– Իսկ նորարարական մեթոդները ուսանողներին վերաբերող հարցերում է՞լ են գործում:

– Այստեղ նույնպես կիրառում ենք կառավարման մեր սկզբունքը եւ նորարարական մեթոդներ: Համալսարանում հիմնադրման օրվանից՝ 2000 թ.-ից, կիրառվում է անվճար եւ զեղչված տեղերի՝ ըստ ակադեմիական առաջադիմության ռոտացիոն համակարգը, որը, ի դեպ, 2005-2006 ուստարվանից կիրառվում է նաեւ ՀՀ բուհական համակարգում:

Որեւէ ուսանող երբեւէ ուսման վարձը չվճարելու պատճառով չի զրկվել կրթությունը շարունակելու հնարավորությունից: Արդեն երկրորդ կիսամյակի վերջն է, շատ ուսանողներ դեռեւս չեն կարողացել մուծել իրենց ուսման վարձերը, իսկ համալսարանի ֆինանսական քաղաքականությունը նրանց ժամանակ է տվել գումարը գտնելու:

Թերեւս արժե նշել, որ մեր համալսարանը առաջինն է, որը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ համագործակցաբար ուսանողներին հեշտացված պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորություն է առաջարկում, որոշակի քայլեր են ձեռնարկվում բարերարների կողմից նվիրատվությունների ձեռքբերման եւ սոցիալապես անապահով ուսանողների օգնելու համար: Իսկ նման օգնությունը բաշխելու համար կիրառվում են համակցված մի շարք չափանիշներ, որոնք բոլորն էլ հստակ չափելի են:

– Դուք գիտական ատենախոսություն եք պատրաստում բարձրագույն կրթության ֆինանսավորման թեմայով: Ըստ ձեզ, որո՞նք են մեր բուհական համակարգի պետական ֆինանսավորման առաջնահերթ հիմնախնդիրները, եւ ինչ լուծում եք դուք տեսնում դրանց համար:

– Հաշվի առնելով մեր բյուջեի՝ բարձրագույն կրթությանը հատկացված քիչ գումարների արդյունավետ օգտագործման եւ դրանով սոցիալապես անապահով խավերի կրթության մատչելիությունն ապահովելու կարեւորությունը, ինչպես նաեւ պետության համար առաջնահերթ համարվող մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումը, լուրջ հիմնախնդիր է մնում պետական պատվերի համակարգի բարեփոխումը: Անհրաժեշտ է ներդնել անվճար տեղերի բաշխման այնպիսի համակարգ, որը կհամադրի միաժամանակ պետության կողմից նախասահմանված մասնագիտությունների գծով ընդունելության քննությունների արդյունքները եւ սոցիալական դժվարությունների վերաբերյալ գործակիցը: Այդ գործակիցը կարելի է հաշվարկել հիմք ընդունելով ինչպես գործող սոցիալական օգնության համակարգերի (օրինակ՝ «Փարոս») տվյալները, այնպես էլ ներդնել այլ չափանիշներ: Այստեղ մեր համալսարանի կողմից սոցիալական օգնության բաշխման ժամանակ կիրառվող չափանիշները կարող են օգտակար լինել: Այս համակարգով ընդունված ուսանողների ուսման վարձերի՝ պետության կողմից փոխատուցումը կարելի է իրականացնել փոխհատուցվող գումարին համարժեք վաուչերները նրանց հատկացնելու միջոցով եւ բուհը ընտրելու հնարավորություն տալով՝ ինչը իր հերթին կխրախուսի բուհերի միջեւ առողջ մրցակցությունը:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930