Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Ժաննան Ֆրիսկեի պես չի մերկանա

Հունիս 05,2012 14:01

Հայ երգչուհին գերադասում է կատարումներով ցնցել

Վերջերս Մոսկվայում հրատարակված «Ով ով է շանսոնում» գրքում ճանաչված շանսոնյեների թվում ներառված է Ժաննայի անունը, ինչն էլ առիթ հանդիսացավ «Առավոտի» ու երգչուհու առաջին հանդիպման համար, ինչպես եւ՝ անդրադարձ երգարվեստի շանսոն ոճին, որ սկիզբ առնելով առաջին աշխարհամարտից հետո, իր մեջ ներառեց նախորդ դարերից սկիզբ առած քաղաքային երգը, այդ թվում՝ ռոմանսը, սերենադը, ֆոլկը, որոշ վերապահումներով՝ բարդը եւ այլ ժանրեր: Ավելի քան մեկ դար կաբարեներում, պանդոկներում, բոհեմական ու արիստոկրատական հավաքներում հնչող շանսոնը հետաքրքրել է նաեւ կոմպոզիտորներին, բնականաբար՝ փոքր-ինչ փոփոխության ենթարկվելով:

Ծանոթ լինելով ու հետաքրքրվելով Ժաննայի արվեստով, նախ հարցրինք, թե ինչո՞վ բացատրել նրա՝ ավելի քան 20-ամյա ստեղծագործական նվիրվածությունը շանսոնին: Մեր զրուցակիցը նախ հայտնելով, թե ինքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում եւ լսելով մեծանուն Ուտյոսովից մինչեւ ժամանակակից այլ երգիչների կատարումները, սիրահարվել է այս ոճին, ասաց. «Խորհրդային երկրի փլուզումից հետո շուրջ 6 ամիս մտածում էի՝ ինչ անել, որ նոր ժամանակներում չկրկնեմ ոչ ոքի: Փորձեցի դիմել Կոմիտասին, սակայն շատ շուտ հրաժարվեցի, գտնելով, որ նրա մաքրամաքուր արվեստը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա… Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց դիմել շանսոնին, թեկուզ եւ այն պատճառով, որ մեզանում այդ ոճի մեկնաբանի տեղը թափուր է: Նաեւ խորհուրդ տվեց, որ փնտրեմ ու գտնեմ անհայտ հեղինակների երգեր: Հենց այդպես էլ վարվեցի: Առաջին CD-ս անվանեցի «Լիմոնչիկի»: Ձայնագրեցի նույնանուն երգը, որը թեեւ հայ երգասերը այն սիրում էր Ուտյոսովի կատարմամբ, սակայն ոչ բոլորը կարող էին լսել, քանի ինտերնետը լայնորեն դեռ մուտք չէր գործել մեր կենցաղ: Այդ CD-ում տեղ գտան սիրված այլ երգեր եւս, այդ թվում՝ «Անորսալի վրիժառուներ» ֆիլմից՝ գնչուի երգը եւ այլն»:

Երրորդ CD-ի վրա աշխատող արվեստագետից հետաքրքրվեցինք, թե բացի անհայտ հեղինակներից, ովքե՞ր են ստեղծագործում իր համար. «Ցանկացած երգիս երաժշտության ու տեքստի գաղափարը իմն է: Տեքստերը գրում է գերմանաբնակ մեր հայրենակից Ռուբիկ Չոռնին, երաժշտությունը՝ մոսկվաբնակ Ռոման Տեր-Հովհաննիսյանը, իսկ երաժշտությունը՝ ամերիկաբնակ Արմեն Սարգսյանն ու հայաստանաբնակ Աննա Սարգսյանը»:

Հանրահայտ դառնալու համար ինչեր ասես չեն անում շոու- բիզնեսի ներկայացուցիչները: Օրինակ, իր անվանակից ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն վերջերս տեղական ամսագրերից մեկի համար անգամ մերկացել է, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ երբեւէ մտքով չի՞ անցկացրել որեւէ ցնցող քայլ անել: «Նման ճանապարհով հանրահայտ դառնալը շատ դյուրին է: Շոու-բիզնեսում ընդունված է նաեւ անձնականը հանրայնացնել… Ոչ մեկին չեմ մեղադրում եւ չեմ քննադատում, հասկանալով հանդերձ, որ դա մեծ գովազդ է: Մյուս կողմից՝ երբ մարդն ինքնահաստատված է ու ինքն իր հետ ներդաշնակ, վստահ եմ, որ այդ դեպքում նման գովազդների պետք չկա: Ինձ համար ընդունելի տարբերակ է ասելիքս ներկայացնել աշխատելով»,- հայտնեց Ժաննան:

Հիմնականում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքներում ճանաչված ու մշտապես օրիգինալ հագուկապով հանդես եկող երգչուհուց հետաքրքրվեցինք, թե հիմնականում ո՞ր դիզայների հետ է համագործակցում: Ժաննայի պատասխանը հակիրճ էր. «Ելույթ եմ ունենում տարբեր ակումբներում, որտեղից աշխատած գումարը դիզայների ծառայությունից օգտվելու հնարավորություն չի ընձեռում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930