Մասնագետի պնդմամբ՝ հայ հասարակությունը հաղթահարել է հոգեբանին չդիմելու խոչընդոտները
Որդու մահից երեք տարի անց էլ վանաձորցի Նունե Ալավերդյանի հոգեկան ապրումները չեն լքել նրան: Թեեւ որդու կորստի ցավը փորձում է մեղմել նրա մանկահասակ երեխաների աչքերի փայլով, այնուամենայնիվ, հասկանում է, որ այդպես հոգեկան ապրումները ժամանակավոր են բթանում: «Ժամանակ եմ տրամադրում նրանց, խաղում եմ հետները, սիրում, բայց մեկ է՝ մեջս ամեն ինչ կոտրված է, էլ չի կպչի»,- ասում է 53-ամյա մայրը:
Հակառակ սրան՝ նա չի շտապում դիմել հոգեբանի օգնությանը: «Անհարմար եմ զգում այդ մտքից, գուցե հետո, հիմա պատրաստ չեմ հոգեբանի մոտ գնալուն»,- իր խնդիրները հոգեբանի օգնությամբ լուծել չշտապելու պատճառների մասին է պատմում նա:
Մինչ Նունե Ալավերդյանը մտածում է գնալ հոգեբանի մոտ, թե ոչ, արդեն վեցերորդ տարին է, ինչ «Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» հ/կ տարաբնույթ հոգեբանական խնդիրներով տարեկան շուրջ 100 մարդ է դիմում: Տարեկան շուրջ 1500 հանդիպումներ էլ իրականացվում են Երեխաների հոգեբանական առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:
Կենտրոնի նախագահ Արծվի Հարությունյանն ասում է, որ մարդիկ հիմնականում դիմելու խնդիր չունեն, արդեն անցել են հոգեբանին դիմելը ամոթ համարելու ժամանակները: «Ոչ թե չեն գալիս կամ մտածում են՝ ամոթ է, այլ չեն բարձրաձայնում այդ մասին, ինչն ավելի ճիշտ է»,- նշում է հոգեբանը:
Հիմնականում միջանձնային ու ներանձնային խնդիրներն են դրդում մարդկանց թակել Վանաձորում գործող հոգեբանական վերականգնողական կենտրոնի դուռը՝ հոգեբանից օգնություն ակնկալելու հույսով: «Հարս-սկեսուր, ամուսին-կին, երեխա-ծնող միջանձնային խնդիրներով են գալիս, մի մասն էլ ներանձնային խնդիրներ ունի՝ վախեր, երազների հետ կապված խնդիրներ, կախվածություն»,- տեղեկացնում է Արծվի Հարությունյանը: Քիչ չեն նաեւ կենտրոն այցելող երեխաները: «Շատ են բերում խնդիրներ ունեցող երեխաների՝ աուտիզմով, էպիլեպսիայով, մանկական ուղեղային կաթվածով եւ այլն»,-ասում է հոգեբանը: Նա, սակայն, նշում, որ վերոնշյալ հիվանդությունները միայն հոգեբանական խնդիրների հետ չեն կապված. դրանք կարող են առաջանալ ինչպես էկոլոգիական, այնպես էլ գենետիկական շեղումների արդյունքում:
34-ամյա Նադյա Սարգսյանն էլ, թեեւ երբեմն կարիք է զգում մասնագետի հետ խորհրդակցելու, սակայն հույսը դնում է ծանոթ-բարեկամի հետ սուրճի սեղանի շուրջ «կիսվելուն»:
Նա, սակայն, շեշտում է, որ ամեն մեկի հետ անկեղծանալն էլ ճիշտ չէ, պիտի վստահելի մարդ լինի:
«Էդ առումով հոգեբանի մոտ գնալը ճիշտ է, բայց մենք դեռ չունենք այդ մշակույթը: Հայերիս մտածելակերպն է՝ հոգեբանը շփոթում ենք հոգեբույժի հետ, ինչն իրականում սխալ է, դրանք տարբերել է պետք»,- իր կարծիքն է հայտնում Սարգսյանը:
Վանաձորցի երիտասարդները ավելի համարձակ են այս հարցում:
26-ամյա Մարիետա Ասլանյանը դեմ չէ անհրաժեշտության դեպքում դիմել հոգեբանի խորհրդին. հեռուն գնալու փոխարեն՝ պետք եղած խորհուրդները ստանում է հոգեբան ընկերոջից:
«Անձամբ ես կողմ եմ հոգեբանի ծառայություններից օգտվել, առավել եւս՝ հիմա, քանի որ դա նույնիսկ անհրաժեշտություն է. սթրեսային վիճակները շատացել են»,- ասում է երիտասարդ աղջիկը:
«Եթե մարդու ատամը ցավում է, նա դիմում է բժշկի, ապա ինչ խնդիր կա հոգեբանական խնդիրներով չդիմել մասնագետին, ով մասնագիտորեն կօգնի: Չգնալը անգրագիտություն է»,- հավելում է վանաձորցի մի երիտասարդ:
Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ