Վանաձորցի Սուսաննա Անտոնյանը դիմել է ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Պողոսյանի կայացրած քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Վանաձորցի կնոջ համար դատարանում քննիչի որոշումը վիճարկելը հույս է՝ պարզելու համար որդու՝ Արման Անտոնյանի (նկարում) մահվան հանգամանքները:
Տիկին Սուսաննայի որդին՝ Արմանը, մահացել էր 2 տարի առաջ՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Կարդացեք նաև
Ինչպես մայրն է նշում, մինչ այդ 29-ամյա որդին գտնվել է սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, ապա բուժման կուրս է անցել նրա մոտ:
,Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին, երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոցե,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը:
Նա շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել, նախաքննական մարմինն էլ, առանց պարզելու, թե որտեղից է իր որդին ձեռք բերել վերոհիշյալ հիվանդությունը, առանց ճշտելու, թե տվյալ վարակը ինչ ճանապարհով է փոխանցվել որդուն, որոշում է կայացրել կարճել քրգործի վարույթը, ինչը չի բխում օրենքի շրջանակներից:
,Բացի այդ, նախաքննական մարմինը չի հրավիրել առերեսում շտապօգնության աշխատակիցների հետ, այն դեպքում, երբ նրանց տված ցուցմունքներում եւ իմ տված ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Այդ թվում՝ չեն հարցաքննվել իմ հարեւանները, որոնց հայտնի են եղել շտապօգնության աշխատակիցների թույլ տված չարաշահումներըե,- շարունակում է մայրը:
Դատարանում Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հավելում է, որ նախաքննական մարմինը չի ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, ադկերպ արդյունավետ քննություն չկատարելով Արման Անտոնյանի մահվան հանգամանքները եւ մեղավորներին պարզելու ուղղությամբ՝ խախտել է նրա կյանքի իրավունքը:
,Մասնավորապես, սույն գործին վերաբերելի մասով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի շրջանակներում արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը (կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչը) բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված այն իրավական դիրքորոշումից, որ եթե առողջ անձը մուտք է գործում բժշկական հաստատություն եւ հետագայում մահանում վարակից, որը նա նախքան այդ չի ունեցել, ապա պետությունը պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, իսկ այն չներկայացնելու դեպքում պետությունը խախտած կլինի Կոնվենցիայի 2-րդ հոդվածըե,- ասում է Սաքունցը:
Նա, մասնավորապես, նշում է, որ նախաքննական մարմինը գործի շրջանակներում չի պարզել մի շարք հանգամանքներ. հնարավո՞ր էր, արդյոք, հայտնաբերել, թե ինչպես է ի հայտ եկել հիվանդությունը, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել Արման Անտոնյանի՝ բժշկական քարտ չունենալու ուղղությամբ, եղե՞լ է արդյոք արյունահոսություն, թե՝ ոչ, եթե հիվանդության նշանները ի հայտ են եկել մահից 5-10 օր առաջ, ապա ինչ բուժո՞ւմ է նշանակվել այն հաստատություններում, որտեղ Ա. Անտոնյանը ստացել է բժշկական միջամտություն, տվյալ ժամանակահատվածում նման վիրուս կրող անձինք բուժվե՞լ են, թե՞ ոչ, տվյալ ժամանակահատվածում Անտոնյանի մոտ առկա հիվանդությամբ այլ անձ ՀՀ-ում մահացե՞լ է, թե՝ ոչ:
,Բացի այդ, նախաքննական մարմնի կողմից չի որակվել շտապօգնության աշխատակիցների կողմից Արմանին զննելով սխալ ախտորոշում տալու հանցակազմի առկայության հանգամանքը, այդ թվում՝ նաեւ, թե հետազոտվե՞լ է, արդյոք, Արման Անտոնյանի կինը, թե՞ ոչ, ու եթե տվյալ վիրուսը ձեռք չի բերվել բժշկական ոչ ճիշտ միջամտության արդյունքում, ապա ինչպե՞ս կարող էր վիրուսը չանցնել կնոջըե,- այս եւ այլ հարցերի առկախ լինելու եւ պատասխաններ ստանալու անհրաժեշտության մասին է պատմում իրավապաշտպանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ