Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարում
Հարգելի հայրենակիցնե´ր, սիրելի համաքաղաքացինե´ր:
Այս վերջին շրջանը բոլորիս համար բացահայտեց մեր երկրի որակների ողջ տարրապատկերը: Մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում, այնուամենայնիվ, հարյուր հազարներով կան Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պատրաստ են մերժել փողի, ճնշման, գայթակղության, սպառնալիքի մեթոդաբանությունը եւ քվեարկել խղճի եւ քաղաքացիական գիտակցության համապատասխան: Եվ սա արժեք է, որով ուզում եմ սկսել այսօրվա իմ ելույթը մեր պետության իրավիճակի մասին, որովհետեւ քաղաքացիական այն բանակը, որը գնաց ու քվեարկեց ոչ որպես ստրուկ կամ ճորտ, կամ հրահանգավորված ինչ-որ հաճկատար, այլ որպես հայ մարդ, հայաստանցի` մեր երկրի ապագայի մեծագույն արժեքն է:
Քարոզարշավի ժամանակ ակնհայտ էր մեր տարածքային ստորաբաժանումների, մեր թեկնածուների, բայց հատկապես` մեր երիտասարդների նվիրումը: Ազատ քաղաքացիներ կամ անկուսակցական, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ, «Ժառանգության» ակտիվիստներ, համակիրներ ու անդամներ հավատացին Նոր Հայաստանի ուխտին եւ այն կոչին, որ մեր կյանքի ընթացքում կարող ենք փոխել երկիրը: Ես երախտագիտություն եմ հայտնում կամավորներին, երիտասարդներին, թեկնածուներին եւ միացյալ մեր ցուցակի բոլոր անդամներին, ովքեր տարան, իմ կարծիքով, աննախադեպ քարոզարշավ Նոր Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում նույնպես մեր վարչությանը, ով ամենադժվար պայմաններում կատարեց իր պարտականությունը` կուսակցության համագումարների, խորհուրդների, նիստերի որոշումների հանգույն:
Կարդացեք նաև
Բայց հակասականությունը, իրարամերժ մեր հանրապետական իրավիճակը նաեւ ունի մեկ այլ ցավալի, ես կասեի ոչ հայկական, չասելու համար` հակապետական դեմք: Եվ հերթական անգամ մենք դեմ-հանդիման ելանք մեր երկրի պատմության ընթացքում դե ֆակտոյի եւ դե յուրեի, փաստացիի եւ իրավացիի այդ ջրբաժանին: Եվ հերթական անգամ 20 տարվա ընթացքում` մեր սրբազան դրոշի ծածանման տարիներին, ունեցանք հերթական դե ֆակտո` փաստացի արդյունքը եւ խորհրդարանը, որովհետեւ եթե լիներ դե յուրե` իրավացի ընտրություն, եւ ժողովուրդը քվեարկեր որպես քաղաքացի, եւ ամեն մեկը հարգեր օրինավոր իր պարտականությունը` մասնակից թեկնածուները, կուսակցական ցուցակները, դրանց ղեկավարները եւ իշխանությունները, «Ժառանգության» ցուցակը, հիրավի, կունենար կանխատեսած 25%-ը, եւ ընդդիմադիր գործընկերների հետ համամասնական ընտրակարգով մենք կկազմեինք որակյալ մեծամասնություն:
Ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այդ ո՞ր կուսակցությունն է, իշխանական ցուցակն ու մտայնությունն է, փոքրիկ հրճվանք ապրող հոսանքն է, որ ասում է, թե հաղթեց: Որովհետեւ այս ընտրությամբ պարտվեց ե´ւ Հայաստանը, ե´ւ համայն հայ ժողովուրդը: Ու այդ կուսակցապետությունը, որի դեմ տարիներ շարունակ մեր նվիրյալ քաղաքացիները, հասարակական գործիչները, երիտասարդները, ալեհերները, մտավորականները պայքարում են արմատախիլ անել, էլի խորացավ: Ցավոք, սահմանադրական անվանական պահանջը` Հայաստանի Հանրապետությունը, դարձյալ չկայացավ: Փոխարենը հաղթեց մեզ քաջ հայտնի համապետական, համաիշխանական ընտրակաշառքը (եւ տուրքը), որը համատարած էր եւ աշխատում էր ողջ ուղղահայացով: Պետական ռեսուրսները, պաշտոնները, փողերը, ծառայությունները ուղղվեցին հատվածական, կուսակցական նպատակների համար, նաեւ քաղաքական բարեգործության տեսքով, եւ իսկապես զարգացավ մոլեգին մի իրավիճակ, մեղսակցության մի պաշտամունք: Եվ իշխող խավը` իրեն շփոթելով պետության հետ, օգտագործեց ձեզ եւ ինձ, հայ ժողովրդին պատկանող պաշտոնները, պաշարները, կարգավիճակը` իրենց հակասահմանադրական գործն անելու համար:
Թող ոչ մեկը պատրանք չտածի. այդ ուղղահայացը գործեց` նախագահությունից մինչեւ կառավարություն, շտաբի պետեր, մարզպետներ, քաղաքապետներ, գյուղապետներ… գործեց փողով, սպառնալիքով, ակնարկով ու նաեւ մեր անվտանգության ծառայությունների մասնակցությամբ:
Հայտնի են արդեն մեթոդները, մոտեցումները` այն ամենը, ինչ աննախադեպ եղանակով կատարվեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Այն հարյուր հազարավոր քաղաքացիները, ովքեր ոչ իրենց բարի բախտով գտնվում են այսօր Ռուսաստանում եւ Եվրոպայում, Ամերիկայում կամ այլուր, չկարողացան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, մի երկու հարյուր դիվանագետ այդ հնարավորությունը ստացավ` որպես խտրական վերաբերմունք, քաղաքացիների տեսակավորում ու տարբերակում, բայց հարյուր հազար հայաստանցիներ զրկվեցին այդ իրավունքից, եւ իրենց իրավազրկումը, որ պետք է փոխենք առաջիկա տարիների ընթացքում, բերեց ցուցակների խախտման ու չարաշահման: Բազմակի վերաքվեարկությունները, ժամանակավոր կեցությունները, անձնագրերը եւ, ամենաահավորը, մեր հպարտության աղբյուր զինվորները, մի քանի երջանիկ բացառություններով, հերթական անգամ որոշ հրամանատարների ուղեկցությամբ գնացին եւ խախտեցին սահմանն ու Սահմանադրությունը, որոնց պաշտպանն են իրենք:
Տագնապ է ապրում մեր երկիրը, եւ այդ ահազանգին անհաղորդ չեն կարող լինել Հայաստանի նախագահությունը, իշխանությունը, անվտանգության մարմինները, որոնք գիտեն ամեն ինչ, ամեն մեկի, ամեն կուսակցության մասին, հիմա իրենց ձեռքի տակ ունեն իշխանական ընտրակաշառքի, քաղաքացու ստրկացման հազարավոր ապացույցներ: Ո՞ւր է պետական մեքենան, ո՞ւր է քաղաքացիահիմն, մարդահիմն նոր Հայաստանի Հանրապետությունը: Միգուցե այս կամ այն կուսակցությանը պատկանող մեկ-երկու քավության նոխազներ գտնվեն, բայց այսքան համատարած, պետական մակարդակով մեղսակցությունն աններելի է:
Իմ մեղքն է, որ անգամ այսքան տարիների փորձառությունից հետո չկարողացա հավատալ, որ մեր երկիրը, մեր իշխանություններն ունակ են այսպիսի «քաղաքակիրթ», էապես` հակապետական ընտրությունների:
Մի կողմ թողնենք միջազգային դիտորդներին, Սահմանադրական դատարանին, այս կամ այն գնահատականը, ճշմարտությունը միայն մենք չէ, որ գիտենք, բոլորը գիտեն. գիտեն Բաղրամյան պողոտայում, գիտեն անվտանգության մարմիններում, դատախազությունում, որովհետեւ մասնակցեցին բոլորը:
Այս վտանգավոր, կործանարար հորձանուտից պետք է դուրս գանք միասին, այդ պարբերափուլը պետք է կոտրվի: Այո, մենք գնահատում ենք յուրաքանչյուր ձայն, որ տրվեց «Ժառանգության» օգտին: Ամեն մի ձայնի համար` մեր օգտին գրանցված, գողացված, թե տարրալուծված, պարտք ենք թեկուզ մեկ ընտրողի առջեւ, որ գնաց` հավատալով Նոր Հայաստանին: Իմ անձնական կարծիքն է` ներկայացնել նոր վարչության քննարկմանը, որ դե ֆակտո հերթական խորհրդարանում «Ժառանգության» ցուցակը, «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է դե ֆակտո մասնակցեն եւ պաշտպանեն ձայնազուրկ, իրավազուրկ, հավատացյալ եւ գիտակից հայաստանցիների շահերը:
«Ժառանգությունը», այդ թվում նաեւ ես, պարտավոր ենք մեր հասարակության եւ շարքային քաղաքացիների, հատկապես երիտասարդների առջեւ չմոռանալու, որ Հայաստանի հիմնական զարգացումներն այսօր ու վաղը, առաջիկա տարիների ընթացքում պիտի կատարվեն խորհրդարանի պատերից դուրս: Եվ մենք պարտավոր ենք մեր ավանդույթին, մեր արժեքներին, մեր ողնահարին, քաղաքացիական պարտքին հավատարիմ լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է` այս վտանգաշատ պարբերաշրջանը կոտրելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունները, այդ թվում եւ «Ժառանգությունը», դուրս գան ինքնահավանության, ինքնագոհության, կուսակցական հատվածապաշտության պատրանքից:
Որքան ես հարգում եմ երիտասարդական, բնապահպանական շարժումները՝ եղել եմ թե Թեղուտում, թե Ջրվեժի մոտ, թե Մաշտոցի պուրակում եւ հպարտ եմ այդ շարժումներով, սակայն քաղաքացիական այդ շարժումները պետք է դուրս գան մեծամտական, փոքր հաղթանակներով ոգեւորվելու, տեղային լուծումներով բավարարվելու, քաղաքացիականն ու քաղաքականը միմյանց հակադրելու տրամաբանությունից: Վերլուծական միտքը պետք է թռիչք կատարի, ոչ թե ճամարտակի այս կամ այն պատվերի ոգուն համապատասխան: Այն պետք է մաս կազմի ազգային, ժողովրդավարական նոր Հայաստանի կերտմանը` առանց չարախնդալու, իսկ լրագրողական համայնքը շարունակի իր մասնագիտական ներկայությունը, բայց ավելի նախաձեռնողաբար, ավելի քննախույզ ոճով: Մայիսի 6-ին հազար ու մեկ Watergate-ներ կային Հայաստանում, բայց ո՞ւր էին մեր լրագրողները՝ թեկուզ մեկ կամ երկու կամ տասը հատ Watergate-ի դեպք բացահայտվեր: Սա մեկ հոգու, մեկ կուսակցության, հասարակական մեկ շարժման, մեկ կայքի, մեկ թերթի կամ խմբագրի գործ չէ:
Միասին վերցրած` քաղաքացիական հասարակությունը, քաղաքական կուսակցությունները, երիտասարդությունը, որոնք կոչված են նոր մանրակերտեր, մոդելներ, պայքարի նոր բանաձեւեր գտնելու համար, իրավունք չունեն տուրք տալու մեկուսի հուսահատությանը: Քաղաքացիական-քաղաքական իրական միացումն է ճշմարիտ մեր ճանապարհը:
Նրանք, ովքեր խոսում են չմեռնող ճշմարտության մասին, թող իրենք ունենան այդ տղամարդկությունը, պետական ծառայող լինելու բարձր պատիվը եւ բացեն ողջ ճշմարտությունը, թե ինչպես պաշտոնյաները, կուսակցապետերը, շտաբի պետերը փորձեցին մեղսակիցներ գտնել իշխանական դաշտում, ընդդիմադիր դաշտում եւ, որ ամենաահավորն է, ժողովրդական դաշտում: Այո՛, ճշմարտությունը չի մեռնում, բայց եթե ասում ես, ուրեմն «բացիր» նաեւ այդ ճշմարտությունը, եւ ժողովրդին հիմարի տեղ մի դիր:
Սիրելի հայրենակիցնե´ր:
Դուք լավ գիտեք` երբ մեր խորհուրդը հաստատեց համամասնական ցուցակը, ես ինքս կողմնակից էի, որ չզբաղեցնեի առաջին տեղը, լինեի քսանմեկերորդը, առաջ տանեի երիտասարդներին, խմբակցության պատգամավորներին, տարբեր կուսակցությունների պատկանող եւ անկուսակցական նոր դեմքերին, եւ դա է «Ժառանգության» տեսակը: Ուրախ եմ նույնպես, որ «Ազատ դեմոկրատների» ղեկավարությունը կիսում է իմ մոտեցումը, որ սա ոչ միայն հավաքական պատասխանատվության, այլեւ անձնական հանձնառության տիրույթ է, եւ եթե պահանջվի` խմբակցության առավել արդյունավետ աշխատանքի համար մենք պատրաստ ենք զիջելու մեր տեղերը: Ներկա պահին, որպես թիմային գործելակերպի նվիրյալ, ես այս հարցը դնում եմ նորընտիր վարչության սեղանին` հավաքական որոշում ընդունելու համար:
Իսկ անկախ այդ որոշումից եւ բոլոր դեպքերում մենք միասին, ոչ միայն «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», ազատ քաղաքացիներ, այլեւ նոր, համախումբ ուժերով, նոր եռանդով ու կորովով, աննկուն կամքով մինչեւ աշուն միասին պետք է ստեղծենք աննախադեպ նորարար հասարակական-քաղաքական մի ուժ` Հայաստանը ետ բերելու, Հայաստանն իր ազատությամբ, իր ամբողջականությամբ եւ իր արժանապատվությամբ շահելու համար: Դա կարվի թե ընտրության միջոցով, թե հրապարակներում, թե պուրակներում, թե փողոցներում եւ այնտեղ, որտեղ շոշափվում է շարքային հայ մարդու, հայաստանցու եւ մեր պետականության շահը:
Մեր ժողովուրդը հրամայաբար մինչ այս տարվա ավարտն ունենալու է իրեն պատկանող նախագահի թեկնածու: Այդ թեկնածության կերտմանը մենք միասին պարտավոր ենք մասնակցել, որովհետեւ, եթե ունենալու ենք իրավացի` դե յուրե նախագահություն ու դե յուրե Հանրապետություն` այս անգամ բոլորս պետք է նոր կանոններով, նոր պատասխանատվությամբ ընթանանք: Ես առաջարկում եմ վարչության եւ ապագա խորհուրդների եւ բոլորի քննարկման հետեւյալ դրույթները.
Առաջին` հայ ժողովրդին պատկանող նախագահական հաջորդ թեկնածությունը պետք է լինի հավաքական` ոչ թե անձնավորված, այլ հավաքական պատասխանատվությամբ եւ համակշիռներով:
Երկրորդ` Հայաստանի հաջորդ նախագահը ծառայելու է միայն մեկ շրջան, ոչ ավելի, եւ այդ մեկ շրջանի ավարտին Հայաստանն արդեն պիտի ունենա նախընտիր Սահմանադրական ժողովի միջոցով կազմավորված նոր Սահմանադրություն, որին համապատասխան, հինգուկես տարի անց, Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա խորհրդարանական կառավարման հանրապետություն, որտեղ իշխանությունը եւ գործարարությունը տարանջատված են ոչ միայն թղթով, օրենքով, այլեւ սահմանադրական ողջ ուժով եւ պատժի մեխանիզմներով. որտեղ կա հատուկ դատախազի ինստիտուտ, որն օժտված է յուրաքանչյուր խախտում, իրավազանցում, ստրկատիրացման փորձ քննելու լիազորությամբ` նախագահական ապարատից մինչեւ կառավարություն, նախարարներ, Ազգային ժողով, դատարաններ, ամեն ոլորտ:
Նոր Հայաստանի համակարգի համաձայն` այն ամբողջությամբ համամասնական է լինելու, Ազգային ժողովի պատգամավորները ենթակա են լինելու հետկանչման, եւ նախագահը, վարչապետը, նախարարները, պատգամավորները` քրեական պատասխանատվության, եթե հակապետական եւ հանցակազմ պարունակող այլ քայլեր են կատարել: Ամբողջ մեկ շրջան` նախագահականից, գործադիրից մինչեւ օրենսդիր եւ դատական մարմիններ, նրանք, ովքեր պատրաստ են ժողովրդի թեկնածուներն ու ծառայողները լինելու, պիտի ծառայեն հասարակական հիմունքներով: Բյուջետային հատկացումները թող գնան գիտության, կրթության, մշակույթի զարգացման, երիտասարդության, պաշտպանության, տնտեսության աճի ու աղքատության հաղթահարման նպատակներին:
Հինգ տարվա անցման շրջանը պետք է լինի իրական, կամավոր ծառայության շրջան: Այդ հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր զոհված զինվոր` թե խաղաղ պայմաններում, թե սահմանի վրա, յուրաքանչյուր անկոշիկ երեխա, յուրաքանչյուր իրավազուրկ քաղաքացի պետք է պատասխանատվություն առաջացնի Նախագահության, Ազգային ժողովի եւ այլ պատկան կառույցների պաշտոնյաների շրջանում: Ինչպես երկիրը, այնպես էլ պետական ծառայողը պետք է հուսալիորեն պաշտպանված լինի:
Այդ հինգ տարիների ընթացքում մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է հատի Ցեղասպանության եւ Հայրենազրկման 100-ամյակի շեմը: Եվ մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը Թուրքիայի հանրապետությունը կամ վերացնում է իր ապօրինի շրջափակումը` առանց որեւէ նախապայմանների, առանց բոլշեւիկա-քեմալական արձանագրությունների, ընդունում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխանակում դեսպանություններ Երեւանում եւ Անկարայում, օգտագործում այդ դիվանագիտական հարաբերությունները հայկական հարցը լուծելու համար, կամ էլ մինչեւ այդ օրը Հայաստանի Հանրապետության պետական մեթոդաբանությունը պետք է ի վերջո, այսքան համբերատարությունից հետո, փոխվի: Եվ եթե իրենք 100-ամյակի օրը փոխված չեն, ուրեմն մե´նք պիտի փոխվենք:
Վերջապես` հայ ժողովրդի անունից պետք է դնել մեր հայրենական իրավունքների խնդիրը, հայ մարդու եւ հայրենի բնօրրանի վերամիավորման արդարացի, իրավական պահանջի իրացման համալիրը:
Նոր Նախագահության ընթացքում գլխավոր մեղավորը պիտի կարողանա ինքնաքննադատաբար խոստովանել` ասելով, որ ինքն էր, իմ նախագահությունն էր, իր նախարարությունն էր, իր կուսակցությունն էր, որ թույլ տվեց Մադրիդյան անընդունելի առաջարկները մտնեն դիվանագիտական օրակարգ: Եվ այդ Նախագահության օրոք կամ նոր կանոններով Արցախը նստում եւ լիարժեք բանակցում է իր ճանաչման ու արդի սահմանների համար, կամ էլ եթե ինքը դեռ ցանկանում է, Հայաստանն, ի վերջո, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը եւ ամբողջականությունը:
Մենք վրացիների հետ պետք է համոզվենք, որ ուժեղ, ինքնավստահ, իրավատեր Ջավախքը` դա ամենակարճ ճանապարհն է, ամենահաստատուն ուղին դեպի Հայաստանի եւ Վրաստանի ազգային անվտանգության երկուստեք իրացումը եւ ոչ թե` հակառակը: Եվ անհրաժեշտ է, որ դա նաեւ դառնա դիվանագիտական օրակարգի հիմնադրույթներից մեկը:
Մենք կշարունակենք համագործակցությունը տարբեր տեսակի դաշինքների եւ պակտերի հետ` դա ՆԱՏՕ-ն է, ՀԱՊԿ-ը, թե մեկ ուրիշը: Հարգում ենք բոլորին, բայց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական կռվանը ինքնիշխանությունն է պետական, ու նաեւ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի եւ այն երկրների հետ, ովքեր պատրաստ են նոր դարաշրջանի կանոններին համապատասխան ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը սեփական շահ եւ սեփական իրավունք ունեցող երկիր ու ազգ են:
Եվ, ի վերջո, Հայաստանը` որպես արեւմտյան քաղաքակրթության հիմնաղբյուրներից մեկը, պետք է ընտրություն կատարի դեպի սերտաճում Եվրոպական ընտանիք, Եվրամիություն` իբրեւ քաղաքակրթական ընդհանրություն նաեւ Հայաստանի համար: Բայց Եվրոպան իր հերթին պիտի հասկանա, որ Հայաստանն այլեւս երբեք աշխարհաքաղաքական շահախնդրությունների զոհ չի գնալու, ինչպես եղել է պատմության ընթացքում: Մեզ նույնպես կհարգեն, եւ եթե կա եվրոպական իրավունք ազատության, ժողովրդավարության, նոր պետությունների կայացման հարցում՝ դա պիտի վերաբերի նաեւ Հայաստանին ու Արցախին:
Վերադառնալով մեր հիմնական հավատամքին, վերահաստատեմ, որ հայ ժողովրդի ապագան պիտի հիմնված լինի երեք սյուների վրա՝ քաղաքացու ու մարդու ազատությունների գերակայություն սեփական երկրում, պետության ինքնիշխանություն եւ դրանց միջոցով` ազգի բացարձակ շահ:
Այս մի տարին, սիրելի հայրենակիցներ, միգուցե ամեն մեկս սրտնեղի, թե էլի «տարան» ընտրությունները եւ նորից չկարողացանք «պահել»` հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ հավատացին ու քվեարկեցին, եւ մենք ընդամենը այսքանը ստացանք` որպես գրանցված արդյունք:
Հիասթափության հազարումի պատճառ ու պատրվակ կան: Բայց այդ մի հոգին, մի ընտանիքը, 80 հազարը, որը վաղը-մյուս օրը կդառնա 800 հազար, պիտի հասկանան, որ սա մե´ր Հայրենիքն է, ուրիշինը չէ, եւ այս մեղսակցությունը, ստրկամտությունը, ճորտատիրությունը երկար չեն կարող շարունակվել, որովհետեւ մեր երկիրը եւ ժողովուրդը դեռ մեծ առաքելություն ունեն աշխարհում: Ճակատագրապաշտության մութ անկյուններից` բառացի եւ հոգեւոր, մենք միասին պե´տք է դուրս գանք: Պարզապես` այսպես այլեւս հնարավոր չէ:
Ուզեն թե չուզեն` Նոր Հայաստանը գալի´ս է:
«Ժառանգություն»