Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատերերն իրենց բերքի մասին տվյալներ չեն տալիս

Հունիս 05,2012 13:29

Այդ պատճառով էլ իշխանությունները չե՞ն կարողանում հաշվարկել ու վնասները փոխհատուցել

Մեր երկիրը վտանգավոր կարկտահարության տարածք է: Հենց կարկտահարումից պաշտպանվելուն է կոչված Հայաստանի հակակարկտային ծառայությունը (ՀՀԿԾ): Ծառայության պետն է Ռոբերտ Հովսեփյանը: Կառույցը հակակարկտային գործունեությունն իրականացնում է 118 ռադիոմոդեմային գազագեներատորային կայանքներով: Դրանք տեղակայված են Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում:

Միայն ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում 140 հազար 211 կրակոցներով Արարատում, Արմավիրում, Լոռիում եւ Արագածոտնում կանխվել է միլիոնավոր տոննաներով մրգի ու բանջարեղենի ոչնչացումը: Նույն ժամանակամիջոցում «մշակվել» են 50 վտանգահարույց ամպեր:

Այդուհանդերձ, կարկտահարման տարեկան կորուստները մեր երկրում կազմում են 15-20 մլրդ դրամ: Մասնագետների ներկայացմամբ՝ մեր երկրում ինտենսիվությամբ առկա են կարկտահարման 5 դաս՝ թույլ, միջին ուժգնությամբ, ուժեղ, շատ ուժեղ եւ աղետալի: Տարվա ընթացքում աղետալի կարկտահարումը տեղի է ունենում 1-2 անգամ, մյուսները՝ 6-7 անգամ:

Կարկտահարության պատճառած այսքան վնասներից հետո անգամ «Առավոտի» հետ զրույցում հակակարկտային ծառայության պետ Ռոբերտ Հովսեփյանը փաստեց, որ այս տարի աղետալի կարկտահարում դեռեւս չի եղել: Ճիշտ է, հակակարկտային ծառայության պետը համաձայն է, որ Սյունիքում եւ Լոռիում վերջերս տեղացած կարկտահարումները մեծ վնասներ են պատճառել գյուղացուն, բայց, ըստ նրա, եթե Սյունիքում մշակաբույսերի կորուստը պայմանավորված էր ավելի շատ կարկտահարման տեւողությամբ եւ ոչ այնքան կարկտահատիկների մեծությամբ, ապա Լոռիում հակառակ պատկերն էր. մշակաբույսերն ավելի շատ ոչնչացան մեծ չափսի՝ 3սմ կարկտահատիկներից, թեեւ այստեղ կարճ էր կարկտահարման տեւողությունը: Նրա տվյալներով՝ կարկուտից հողագործներին պատճառված վնասներն ավելի շատ են Արարատյան դաշտում, քանի որ այստեղ մրգի ու բանջարեղենի աճի ու հասունացման ժամկետը համընկնում է կարկտահարման հետ: Կորուստներն անհամեմատ պակաս են լեռնային եւ նախալեռնային տարածքներում, որտեղ սակավ են այգեգործական եւ բանջարաբոստանային մշակաբույսերը:

Այս օրերին Արագածոտնում, Արմավիրում տեղակայված են 29 հակակարկտային կայաններ: Մեր այն դիտարկմանը, թե արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները կանոնավոր կերպով չեն իրազեկում կարկտահարման վնասների տվյալների մասին, ծառայության մասնագետ Սուրեն Հովսեփյանը պատճառաբանեց, որ սեփականատերերը չեն հատկացնում իրենց գործունեությանն առնչվող մի շարք տվյալներ՝ ի՞նչ մշակաբույսեր են աճեցնում, ի՞նչ ծավալով, ի՞նչ ծրագրով:

ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930