ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին
– Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնի երկրորդ այցը տարածաշրջան: Առաջինն ընդամենը երկու տարի առաջ էր:
– ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը տարածաշրջան ընդգրկում է մեզ համար շատ հետաքրքիր երկրներ՝ Թուրքիա եւ Ադրբեջան: Ուշագրավ է, որ այս ամենը կատարվում է սիրիական հիմնական սցենարի նախաշեմին:
Կարդացեք նաև
– Ո՞րն է «սիրիական հիմնական սցենար» ասվածը:
– Այն, որ Ասադի իշխանությունն արդեն երերում է, եւ, փաստորեն, Իրանը ներառվում է ամերիկյան մամլիչի մեջ: Սա շատ նման է դարբնոցի մուրճի եւ զնդանի պատմությանը, երբ պետությունը մնում է զնդանի եւ մուրճի արանքում:
– Հայաստանի դերակատարումն այս ամենում ո՞րն է:
– Այս պարագայում, ուշադրություն դարձրեք Պարսկաստանի արեւմուտքին եւ հարավին. Պարսից ծոցում կանգնած են ամերիկյան ռազմանավերը՝ լավագույն մարզական, մկանային վիճակում, արեւելքում ամերիկյան զինուժն է՝ Աֆղանստանում: Արեւմուտքում Սիրիան է, որն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, եւ Հայաստանի համար ցավով պետք է արձանագրենք, որ Ասադի գնալուց հետո Սիրիան կդառնա ուղղակի թուրքահպատակ երկիր: Այս առումով Պարսկաստանի համար փրկության միակ ելքը Հայաստանի վրայով դեպի Ռուսաստանն է: Տիկին Քլինթոնի այս այցելությունը ես ուղիղ կապում եմ նրա հետ, որ հնարավոր է շատ շուտով Արաքսի հյուսիսային ափում մենք արդեն ունենանք խաղաղապահ ուժեր:
– Դա ենթադրո՞ւմ է ԼՂՀ խնդրի հանգուցալուծում:
– Այո: Այդ խաղաղապահները կլուծեն մի շարք խնդիրներ, եւ դրանց ներկայությունը կլինի միմիայն տարածքների հանձնմամբ:
– Ինչո՞ւ եք կարծում, որ անպայմանորեն պետք է տարածքներ հանձնվեն:
– Որովհետեւ արդեն երրորդ ընտրությունն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան խայտառակ խախտումներն ընդունում են որպես Հայաստանում կատարված ընտրություն: Այսինքն՝ այն, որ ասում ենք՝ ամեն ինչին գին ունի, արդեն եկել է պահըի. ինչ է՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա նախագահ, ու նման խայտառակ ընտրություններ ենք ունենում՝ մենք այսօր գին ենք վճարելու, եւ այդ գինը մեր հողերն են:
Իսկ տարածաշրջանի զարգացումները, անկեղծ ասած, միտված են լրիվ այլ տեղ: Տարածաշրջանային խնդիրների հանգույցը գտնվում է Պարսկաստանում, ինչը մեկ հարվածով լուծվում է:
– Գինը վճարելու եւ դրա ճիշտ ժամանակի մասին արդեն տարիներ շարունակ խոսվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում:
– Այո, դա պարբերաբար հետաձգվել է, բայց այս անգամ արդեն գերտերություններն այլեւս «քարտ-բլանշ» չեն տալու, չեն սպասելու «հաջորդ նախագահական ընտրություններին» եւ խոստումների:
– Ինչո՞ւ եք այդպես կարծում: Ի՞նչն է հիմա փոխվել:
– Փոխվել է այն, որ «Նյու-Յորք թայմսում» վերլուծական է գրվում այդ մասին, եւ խոսվում է, որ գործընթացները պետք է իրականացվեն: Իսկ «Նյու-Յորք թայմսն» այն թերթն է, որտեղ պատահական ոչինչ չի հնչում, եթե դա պետության կարծիքը չէ: ԱՄՆ-ը լրջագույն երկիր է եւ հենց այնպես լուրեր չի տարածի:
– Այսինքն՝ Քլինթոնը եկել է նախապատրաստելու ազատագրված տարածքների վերադա՞րձը:
– Հայաստանն այնպիսի երկիր է, որ տիկին Քլինթոնը կգա եւ կհրամայի: Տիկին Քլինթոնը չէր կարող հրամայել միայն մի երկրի նախագահի՝ ում ընտրել է ժողովուրդը: Բայց բացարձակ կաշառակերության պայմաններում, մեկ միլիոն 200 հազար մարդու գումար բաժանող երկրի նախագահը ուղղակի կհպատակվի եւ կկատարի ցանկացած բան, ինչ իրեն կհրամայեն: Կաշառքով պառլամենտում մեծամասնություն ունենալը հանգեցնում է նրան, որ գան ու հրամայեն, իսկ իրենք էլ անընդհատ խունջիկ-մունջիկ գան ու ժպտան:
– Եթե զարգացնենք Ձեր տրամաբանությունը՝ գործընթացները մինչեւ 2013-ի նախագահական ընտրություններ չե՞ն ձգվի:
– Ամեն ինչ ավելի արագ կլինի, որովհետեւ մեր երկիրը երգեց բոլոր երգերը եւ պարեց բոլոր պարերը, այդ թվում նաեւ՝ սարի սմբուլը: Այս վերջին՝ համատարած կաշառակերությունը վերջակետ դրեց մեր եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության վրա:
– Բայց ԵԽԽՎ-ն հայաստանյան խորհրդարանական ընտրություններին վերաբերող բանաձեւում բավականին կոշտ դիտարկումներ էր արել:
– Որովհետեւ հասկացան, որ ժողովրդավարություն ասվածը դառնում է ծաղրուծանակի առարկա, որ պրեսկոտյան ընտրությունները Հայաստանում ուղղակի ծիծաղ են առաջացնում արեւմտյան ժողովրդավարական ինստիտուտ կոչվածի նկատմամբ: Դրա համար որոշեցին մի քիչ դուրս գալ պրեսկոտյան սահմանումներից եւ այլ հայտարարություններ անեն: Բայց, մեծ հաշվով, իրենց պետք չէ, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ լինեն. իրենք մի նպատակ ունեն՝ արագ ստանալ այն, ինչը պետք է Հայաստանից ստանան:
– ՀՀԿ մամուլի խոսնակն օրերս հայտարարեց, որ կա երկու կետ, որտեղ ընդդիմությունը եւ իշխանությունը բացարձակապես նույն կարծիքին են՝ նկատի ունենալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը եւ ԼՂՀ խնդիրը:
– Նա չարաչար սխալվում է՝ իր տերերի հետ միասին: ՍԴՀԿ-ն ասում էր, որ չի կարելի թուրքի հետ արձանագրություն ստորագրել, որի արդյունքում Ֆրանսիայում ետ մղվեց օրինագիծը: Ինչ մնում է ԼՂՀ հիմնահարցին՝ միակ ուժը, որ կարող է ինչ-որ կարծիք հայտնել, կողմնորոշում ունենալ՝ ընդդիմությունն է, որովհետեւ իշխանությունը վերջին 10 տարիներին ամեն ինչ արել է, որ Ղարաբաղ գոյություն չունենա: Այդ հարցում միակ պատասխանատուն մնում է ընդդիմությունը՝ առանց իշխանության:
– ՍԴՀԿ-ն դեմ է արձանագրություններին, միաժամանակ դեռ անդամակցում է ՀԱԿ-ին, որի առաջնորդը քանիցս կողմ արտահայտվեց այդ գործընթացին:
– ՀԱԿ-ը երբեք չի բանաձեւել, որ հայ-թուրքական հարաբերություններում պետք է արձանագրություն ստորագրենք, համաձայն որի՝ պատմաբանների կարիք կա, որոնք պետք է պարզեն՝ Եղեռն եղե՞լ է, թե՞ ոչ: ՀԱԿ-ն իր հայտարարությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հանրահավաքներում նշել է, որ դա անթույլատրելի քայլ էր: Այդ գործարքը ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գնահատվել է իբրեւ «ցյուրիխյան ուրացում», Հայաստանն իրավունք չունի Ցեղասպանությունը հանել վաճառքի եւ արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնել, ինչն ի սկզբանե կործանում է ամբողջ արտաքին քաղաքականությունը:
– Ձեր մատնանշած սցենարի վերաբերյալ հայտարարություններ կլինե՞ն հանդիպումներից հետո:
– Ոչ մի արտառոց բան չի ասվի: Հանդիպումը խնամքով կթաքցնեն յոթը կողպեքի ետեւում, քանզի այդ ամենը հայանպաստ չի լինի:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ